«Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում ամերիկյան անձնակազմի տեղակայումն Իրանի սահմանի մոտ ուսումնասիրությունների, անվտանգության կամ վերահսկողության համար դժվար կլինի, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է։ Սա հարցեր է առաջացնում այն մասին, թե որքան արագ կարող է նախագիծը անցնել հայտարարություններից այն կողմ. RFE/R-ի հետ զրույցում նշել է Carnegie Europe կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Ըստ նրա՝ առաջին փուլում TRIPP-ի հետևում լավ էներգիա կար: Այնուհետև հունվարին Վաշինգտոնում կարևոր համաձայնագիր կնքվեց, որին հաջորդեց Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան, որը ամրապնդեց երկկողմ հարաբերությունները երկու երկրների հետ: «Այսպիսով՝ հիմա մենք հասել ենք իրականացման փուլին, և կարծում եմ, որ հիմնական խոչընդոտները, մեծ մասամբ, վերացված են», – նշել է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Թրամփը ցանկանում է հիմնականում ավարտին հասցնել երթուղու կառուցումը մինչև իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2028 թվականը:
Այնուամենայնիվ, Իրանում պատերազմն արդեն բարդացնում է իրավիճակը երկու պատճառով: Նախ՝ դժվար կլինի ամերիկացիներին տեղակայել Իրանի սահմանի մոտ: Դա պարզապես չափազանց վտանգավոր է, քանի դեռ կա Իրանի հետ հակամարտություն։
Երկրորդ՝ հարկավոր են մասնավոր միջոցներ TRIPP-ին նպաստելու համար։ Ամերիկյան սկզբնական ներդրումը կազմում է մոտ 400 միլիոն դոլար, բայց ավելին անելու համար անհրաժեշտ են մասնավոր ներդրումներ: Ավելի դժվար կլինի ներդրողներ ներգրավել այնպիսի նախագծի մեջ, որը բառացիորեն գտնվում է Իրանի մյուս կողմում: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կընթանա Իրանի հետ հակամարտությունը, և որքան երկար այն շարունակվի, այնքան շատ այլ մարդիկ ունեն մրցակցող գաղափարներ…
«Մենք տեսանք Բաքվի և Մոսկվայի միջև որոշակի հաշտեցման սկիզբ վերջին շաբաթվա ընթացքում, ինչը, կարծում եմ, պատահականություն չէ, և ակնհայտ է, որ Վրաստանը դեռևս հիմնական տարանցիկ ուղին է: Եվ գուցե նաև պատահական չէ, որ Ալիևը վերջերս այցելել է Վրաստան: Մենք տեսանք, թե ինչ ազդեցություն ունեցավ Նախիջևանի օդանավակայանի մոտ ընդամենը մի քանի հրթիռների հարվածը: Վտանգի տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կամ երկու հրթիռ, և դա արդեն իսկ խնդիրներ է առաջացնում», – նշել է վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս ամենից փորձում է լավագույնը քաղել: Եթե TRIPP-ը կառուցվի, Ռուսաստանը կցանկանա օգտագործել այն և համագործակցել ամերիկացիների հետ։
Խնդիրներ առաջանալու պարագայում՝ Ռուսաստանը կարող է ասել. «Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, մենք ավելի լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ»։
Դե Վաալն ընդծել է, որ այս համաձայնագիրը շատ կարևոր է Թրամփի վարչակազմի և անձամբ Դոնալդ Թրամփի համար։ Այն կրում է նրա անունը, ուստի՝ հեղինակություն ունի։ Կա ամերիկյան ուժեղ խթան այն գործարկելու համար։ Վերլուծաբանը նաև վստահություն է հայտնել, որ նախագծի իրականցման համար կարելի է ֆինանսավորում գտնել տարբեր աղբյուրներից։
Անդրադառնալով հունիսի 7-ին ՀՀ-ում նախատեսված խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանի վերընտրվելու ջանքերին և այս համատեքստում Արևմուտքի ձեռնարկած քայլերին, դե Վաալը նշել է, որ Արևմուտքը բավարար բան է անում։
«Աշխատանքի մեծ մասը կատարվում է կուլիսներում, այդ թվում՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից անվտանգության աջակցությունը, որը ֆիզիկապես պաշտպանում է Փաշինյանին հնարավոր վտանգից։ Ես Ռուսաստանի ջանքերը Հայաստանում չեմ համարում շատ հաջողված։ Արդյունավետ լինելու համար նրանց անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, որի հետ նրանք կարող են համագործակցել, և դա իրականում գոյություն չունի։
Կա նաև հետաքրքիր հարց Ադրբեջանի համար. արդյո՞ք այն նախընտրում է ուժեղ հայկական ղեկավարություն։ Ոմանք ասում են՝ այո՛, մյուսները մտահոգված են, որ ավելի ուժեղ Փաշինյանը կլինի ավելի անկախ և ավելի մոտ Արևմուտքին և խնդիր կստեղծի մեզ համար», – եզրափակել է վերլուծաբանը։