Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները


Աշխարհ


Իրանն ու Օմանը բանակցություններ են վերսկսել Օրմուզի նեղուցում համատեղ ժամանակավոր նավագնացային միջանցք ստեղծելու և տարածքն ականազերծելու շուրջ։

Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Բադր ալ-Բուսաիդին քննարկել են փուլային շրջանակային ծրագիր, ըստ որի՝ Պարսից ծոց մտնող երթուղին ամբողջությամբ անցնելու է Իրանի տարածքային ջրերով, իսկ դուրս եկողը՝ Իրանի և Օմանի ջրերով։

Կողմերը նաև համաձայնության են եկել նեղուցն ականներից մաքրելու համատեղ առաքելության շուրջ, ինչը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հայտարարություններին, թե ամերիկյան ռազմածովային ուժերն արդեն լիովին վերացրել են ականային սպառնալիքը միջազգային ջրերում։

Երկու երկրների տեխնիկական խմբերը առաջիկա 30-ից 60 օրվա ընթացքում կշարունակեն քննարկել երթևեկության կառավարման և անվտանգության մանրամասները։

Օրմուզի նեղուցը, որով մինչև 2026 թվականի փետրվարի պատերազմը փոխադրվում էր համաշխարհային նավթի և հեղուկ գազի մեկ հինգերորդ մասը, դեռևս փակ է առևտրային նավերի համար։ ԱՄՆ-ն պաշտպանում է նավերը Օմանի ափերով անցնող հարավային ուղում, իսկ Իրանը պնդում է հյուսիսային երթուղու տարբերակը և հրաժարվում է բացել նեղուցը, քանի դեռ ամերիկյան պատժամիջոցները չեն չեղարկվել։

Իրավիճակը սրում է նաև Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը․ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր հարվածել Օմանին, եթե վերջինս խանգարի ամերիկյան ծրագրերին։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այս շաբաթ խստացրել է տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ՝ սպառնալով պատժել բոլոր այն երկրներին, որոնք կշարունակեն առևտուր անել Թեհրանի հետ։

Այնուամենայնիվ, ձգձգվող խաղաղության բանակցությունների ֆոնին, ԱՄՆ-ն սկսել է զգուշորեն վերադարձնել դիվանագետներին Մերձավոր Արևելքի հեռացված ներկայացուցչություններ, ինչը հուշում է մոտ ապագայում լարվածությունը նվազեցնելու ցանկության մասին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *