ԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնել է Մոսկվա


Աշխարհ


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ չհայտարարված բանակցությունների համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է ամերիկյան CBS-ը։ Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։ Սակայն թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան չեն հայտնել այցի նպատակի կամ նախատեսվող հանդիպումների մասին։

Այցը տեղի է ունեցել բարձր մակարդակի ամերիկա-ռուսական շփումների համար բավական զգայուն շրջանում։ Թռիչքների հետագծման տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ ռազմական C-17 ինքնաթիռը Լատվիայի տարածքով մեկնել է Ռուսաստան, ապա նույն օրը վերադարձել Ռիգա։ Սոցիալական ցանցերում տարածվել են նաև տեսանյութեր, որոնցում, ըստ տեղեկությունների, երևում է Մոսկվայում շարժվող դիվանագիտական ավտոշարասյուն։

ԱՄՆ-ը նախապես տեղեկացրել է Ուկրաինային, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնելու Մոսկվա, և խնդրել է Կիևին մինչև պատվիրակության հեռանալը դադարեցնել հարվածները, CBS-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։

Ռեթքլիֆի այցի հնարավոր օրակարգի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի նախկին ռազմական կցորդ Ջոն Ֆորմանը նշել է, որ այն կարող է կապված լինել Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության վերահսկման, ինչպես նաև Ռուսաստանում պահվող ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման հարցերի հետ։

Ռեթքլիֆը ներգրավված է եղել միաժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացի Քսենիա Կարելինայի ազատ արձակման շուրջ բանակցություններում։ ԿՀՎ-ն մասնակցել էր նաև 2024 թվականի ռուս-ամերիկյան խոշոր բանտարկյալների փոխանակմանը, որի արդյունքում ազատ էին արձակվել Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, ԱՄՆ նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքացի, լրագրող Ալսու Կուրմաշևան։ 

Սա, փաստորեն, Ռեթքլիֆի առաջին այցն է Ռուսաստան՝ ԿՀՎ տնօրենի պաշտոնում։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *