«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը խիստ դժգոհ է թիմակից և մտերիմ ընկեր Ալեխանդրո Բալդեի շուրջ ստեղծված իրավիճակից։
Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային տուրում «Էլչեի» դեմ կայացած խաղի (5-0) ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին պահեստայինների նստարանին գտնվող Յամալի դժգոհ և մռայլ դեմքը։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր Diario SPORT պարբերականը, երիտասարդ աստղին զայրացրել է այն հանգամանքը, թե ինչպես է կատալոնական ակումբը վարվում իր մտերիմ ընկերոջ հետ։
Բանն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 22-ամյա ձախ պաշտպանին նույնիսկ չէր ընդգրկել «Էլչեի» դեմ խաղի հայտացուցակում՝ իր որոշումը պարզաբանելով նրանով, որ ֆուտբոլիստն այս պահին չի կարողանում լիովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ խաղաժամանակի պակասի և ակումբի վերաբերմունքի պատճառով Բալդեն կարող է վաճառվել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։ Իսպանացի պաշտպանի ծառայություններով արդեն տևական ժամանակ ակտիվորեն հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հավելենք, որ Բալդեի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։