Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննարկվելու է նրան կալանավորվելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել էր և տեղափոխվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելկ էին բժշկական հաստատություն։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացնելու դատարան, իսկ Քոչարյանը դատարան կներկայացվի միայն անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցնելուց հետո։