Ռուսաստանում միջազգային հետախուզում են հայտարարել Դոնեցկի մարզի մի բնակչի նկատմամբ։ Քննիչների համոզմամբ՝ հենց նա է հունիսին Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում ականապատել զինվորականի ավտոմեքենան, որի պայթյունից վերջինս տեղում զոհվել էր։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ, ըստ վարկածի, տղամարդը պայթուցիկը տեղադրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով, իսկ ռումբը պայթեցրել են հեռակառավարմամբ։
Կասկածյալի ինքնությունը պարզել են տեսախցիկների ձայնագրություններով և ականատեսների վկայություններով. մարդիկ հետագայում նրան տեսել են պայթած «BMW X3»-ի կողքին։ Այնուհետև նա տաքսիով շտապել է օդանավակայան ու մինչև պայթյունը թռել Թուրքիա։ Նրան այնտեղ դեռ չեն գտել։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ Բալաշիխայի բնակելի շենքերից մեկի բակում։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել պաշտոնեական պարտականությունները կատարող անձի սպանության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Քննչական կոմիտեի դիմումով դատարանը կասկածյալին հեռակա կալանավորելու որոշում է կայացրել. նա երկու ամսով կկալանավորվի ձերբակալման կամ Ռուսաստանին հանձնելու պահից։ Փաստաբանները բողոքարկել էին որոշումը՝ պնդելով, թե քննիչները բավարար ապացույցներ չունեն։ Այդուհանդերձ, վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել ներկայացված նյութերը, այդ թվում՝ վկաների ցուցմունքները, փորձաքննության արդյունքներն ու դեպքի վայրի զննությունը։
Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ սա կարող էր զինվորականի դեմ ուղղված ահաբեկչություն լինել։ Զոհվածի անունը պաշտոնապես չեն հայտնել։
Այս պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել նաև այն պատճառով, որ Բալաշիխայում սա առաջին դեպքը չէ։ 2025-ի ապրիլի 25-ին նույնպիսի պայթյունից զոհվել է նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Ըստ քննության՝ նրա մեքենան ականապատել էր Իգնատ Կուզինը՝ դարձյալ Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ։ Հեռակառավարմամբ ռումբը պայթեցնելուց հետո Կուզինը նույնպես փախել էր Թուրքիա, սակայն հետագայում նրան արտահանձնել էին Ռուսաստանին, որտեղ 2025 թվականի նոյեմբերին ռազմական դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։