Լիտվան նախապես տեղեկացված է եղել ԿՀՎ տնօրենի Մոսկվա կատարած այցի մասին․ Լիտվայի նախագահ

Լիտվան նախապես տեղեկացված է եղել ԿՀՎ (CIA) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցի մասին։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաղորդում է LRT։

«Այո, մենք գիտեինք», — պատասխանել է Նաուսեդան լրագրողների այն հարցին, թե արդյոք Վիլնյուսին հայտնի է եղել ամերիկյան հետախուզության ղեկավարի ուղևորության մասին։

Նախագահը հրաժարվել է բացահայտել Մոսկվայում Ռեթքլիֆի բանակցությունների բովանդակությունը՝ նշելով, որ դա հանդիպման մասնակիցների քննարկման առարկա է։ Նրա խոսքով՝ Լիտվայի գործընկերները հայտնել են, որ այցի նպատակների և բովանդակության մասին տեղեկատվությունը Վիլնյուսին փոխանցվելու է առաջիկայում։

Նաուսեդան ենթադրել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Ռեթքլիֆի հանդիպումը կարող է նպաստել տարածաշրջանում երկրաքաղաքական լարվածության թուլացմանը։ «Դա ինձ դրական է տրամադրում», — հայտարարել է Լիտվայի նախագահը։

Կոշտան, իր հերթին, հրաժարվել է մեկնաբանել այցը՝ ընդգծելով, որ խոսքը երրորդ երկիր ամերիկյան գերատեսչության կատարած ուղևորության մասին է։

Ռեթքլիֆը չհայտարարված այցով Մոսկվա էր ժամանել երեքշաբթի օրը։ Նա դարձել է այն սակավաթիվ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը Ռուսաստան է այցելել 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր։ ԿՀՎ-ն և Սպիտակ տունը չեն բացահայտել ուղևորության նպատակները։

Չորեքշաբթի օրը Կրեմլից հայտնել են, որ ԿՀՎ ղեկավարը Մոսկվա կատարած այցի ընթացքում «շփումներ է ունեցել» ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *