Իրանցի գործակալները Մայամիում հետևել են Նեթանյահուի 35-ամյա որդուն՝ նրան սպանելու նպատակով․ Newsmax

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու սպանության ենթադրյալ իրանական ծրագրի թիրախը նրա 35-ամյա որդի Յաիրն է եղել, որն այդ ժամանակ բնակվել է Ֆլորիդայում։ Այս մասին հայտնում է Newsmax-ը՝ հղում անելով ամերիկյան իրավապահ մարմինների աղբյուրին։

Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական հետախուզությունը նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկացել է 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ենթադրյալ իրանցի գործակալներն արդեն գտնվել են Մայամիում և հետևել Յաիրին, նրա տեղաշարժերին ու բնակության վայրին։

Իսրայելական հատուկ ծառայությունները տեղեկությունը փոխանցել են ամերիկացի գործընկերներին, որից հետո Յաիր Նեթանյահուին խորհուրդ է տրվել անհապաղ լքել Ֆլորիդան և վերադառնալ Իսրայել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա հեռացել է՝ նույնիսկ առանց անձնական իրերը վերցնելու, և այդ պահից ի վեր գտնվում է Իսրայելում։

Միևնույն ժամանակ, ենթադրյալ սպանության ծրագրի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։ Չի հաղորդվում, թե ինչ եղանակով է իրանական կողմը մտադիր եղել իրականացնել մահափորձը կամ ով պետք է այն կատարեր։ Հայտնի է միայն, որ, ըստ ամերիկյան աղբյուրի, Մայամիում արդեն եղել են մարդիկ, որոնք զբաղվել են իսրայելցի պաշտոնյաների ու նրանց ընտանիքների նկատմամբ հսկողությամբ։

Ավելի վաղ Նեթանյահուն առաջին անգամ հայտնել է իր որդիներից մեկի նկատմամբ իրականացված մահափորձի մասին, սակայն այն ժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Այժմ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրին, պնդում են, որ թիրախը հենց Յաիրն է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *