Հայաստանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային, իսկ քաղաքացիներից շատերը դա դիտարկում են որպես շահավետ ներդրում։ Այս մասին Կառավարության օգոստոսի 27-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018-2025 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում: Ժողովրդական աչքաչափը ճիշտ է․ բնակարանաշինության ծավալը ևս այս ընթացքում ավելի մեծ է եղել։ Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային։ Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է․ տուն են ձեռք բերում, վարձով են տալիս»,- նշել է Փաշինյանը։
1.25 մլրդ դրամ՝ համայնքային 9 սուբվենցիոն ծրագրերին
Կառավարության նույն նիստում նաև որոշում է ընդունվել պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամ հատկացնել 7 համայնքներում 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար, հայտնում է «Արմենպրես»-ը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ ծրագրերն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ.
- Գեղարքունիքի մարզ — 3 ծրագիր
- Արմավիրի մարզ — 2 ծրագիր
- Լոռու մարզ — 2 ծրագիր
- Կոտայքի մարզ — 1 ծրագիր
- Վայոց ձորի մարզ — 1 ծրագիր
Նախարարն ընդգծել է, որ 2026 թվականի բյուջեից համայնքներում իրականացվող համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալն այս հաստատմամբ հասնում է 10.9 միլիարդ դրամի։