«Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին, ապրանքանիշը՝ «Թալինի լիմոնադ») Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: 

Այսպես՝ 

– չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկմա և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ.

– հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.

– առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը.

– դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.

– սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները.

– չեն իրականացվել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ.

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում: 

«Թալինի լիմոնադ» ապրանքանիշը ներկայացնող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: 

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *