Զախարովա․ Հայաստանը պետք է ամաչի երկաթուղու մասին հայտարարությունների համար

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը առավելագույն պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները․ այն իրականացրել է ավելի քան 30 մլրդ ռուբլու ներդրումներ, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարևոր է նաև, որ դրանց ժամանակացույցը ճշգրտվել է հենց հայկական կողմի խնդրանքով։

Հենց ռուս երկաթուղայինների մասնագիտական կարողություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր հնարավորություն են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։

Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան իբր խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, պարզապես ամոթ է այս ամենը լսել, ես արդեն չգիտեմ՝ ինչպես նրանց ամոթ չէ նման բան ասել։

Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։

Միևնույն ժամանակ հայկական կողմը դժվարանում է ներկայացնել հակափաստարկներ, հիմնավորումներ, փաստեր, որովհետև դրանք պարզապես չկան։

Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չէր դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում և պահանջում են նրանից վերացնել այսպես կոչված ռուսական գործոնը տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ՝ տնտեսական նպատակահարմարության ոչ տեսանելի նախագծերին միացնելու պայմանով։

Միևնույն ժամանակ խոստումներ տալիս են։ Սա լիովին հարիր է արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերին՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու համար։ Թե դրանից որքան կտուժի Հայաստանը, կարծում եմ, բառացիորեն բոլորին ակնհայտ է։

Նույնիսկ եթե հայկական ղեկավարությունն ընդունում է նման տրամաբանությունը, ապա թող սկզբում իրենց ինչ-որ բան տան, իսկ հետո արդեն իրենք ինչ-որ բանից հրաժարվեն։

Հանրային հայտարարություններով հանդես գալուց առաջ գործընկերները, երբ նրանք իսկապես գործընկերներ են, նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական մթնոլորտում քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հատկապես, ինչպես պնդում են Երևանում, եթե կա լուծում գտնելու ցանկություն բարեկամական մթնոլորտում», — ընդգծել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *