Bank of America-ն 72 միլիոն դոլար կվճարի Էպշտեյնի հանցագործություններին աջակցելու մեջ բանկին մեղադրող կանանց

Նյու Յորքի դաշնային դատավորը հինգշաբթի օրը քննելու է Bank of America-ի և այն կանանց միջև ձեռք բերված համաձայնության վերջնական հաստատման հարցը, ովքեր բանկին մեղադրում են Ջեֆրի Էպշտեյնի կողմից սեռական շահագործմանը նպաստելու մեջ: Գործարքի ընդհանուր գումարը կազմում է 72 միլիոն դոլար, հաղորդում է ABC News-ը:

Հայցվորները, որոնք հանդես են գալիս հավաքական «Jane Doe» կեղծանվամբ, պնդում են, որ բանկն աչք է փակել Էպշտեյնի կասկածելի ֆինանսական գործարքների վրա: Հիշեցնենք, որ անչափահասների սեռական շահագործման մեղադրանքով կալանավորված Էպշտեյնը 2019 թվականին ինքնասպան էր եղել բանտախցում՝ սպասելով դատավարությանը:

Bank of America-ն դեռ մարտին էր համաձայնել հարցը կարգավորել արտադատական կարգով, սակայն շարունակում է կտրականապես հերքել, թե որևէ կերպ օժանդակել է Էպշտեյնի հանցագործություններին:

Հայցվորների կողմից կասկածելի համարված գործարքների թվում են եղել միլիարդատեր Լեոն Բլեքի փոխանցումները: Վերջինս ստիպված էր հեռանալ «Apollo Global Management»-ի ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ ընկերության պատվերով իրականացված անկախ հետաքննությունը պարզեց, որ գործարարը 158 միլիոն դոլար է վճարել Էպշտեյնին՝ ժառանգության պլանավորման ծառայությունների դիմաց:

Բլեքը «սարսափելի սխալ» էր անվանել Էպշտեյնի հետ իր կապերը, որոնք ներառում էին ժառանգության, հարկերի և բարեգործության հարցերով խորհրդատվություններ, միաժամանակ հերքելով նրա հանցագործություններին որևէ տեղեկացվածություն կամ առնչություն ունենալու փաստը:

Ավելի վաղ նույն հայցվորները նմանատիպ համաձայնություններ էին ձեռք բերել JPMorgan Chase-ի և Deutsche Bank-ի հետ: Մինչդեռ Bank of New York Mellon-ի դեմ ներկայացված հայցը դատարանը մերժել էր՝ եզրակացնելով, որ հայցվորները չեն կարողացել պատշաճ կերպով ապացուցել բանկի քաղաքացիական պատասխանատվությունը մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության օրենքով, կամ Էպշտեյնի գործունեության հետաքննությանը խոչընդոտելու գործում նրա մասնակցությունը:

Ավելի վաղ Bank of America-ն փորձում էր հասնել հայցի մերժմանը։ Բանկից պնդում էին, որ դա կմեծացնի ֆինանսական կառույցների պատասխանատվությունը։

Բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ Bank of America-ն շարունակում է պաշտպանել դատական փաստաթղթերում ներկայացված իր դիրքորոշումը, այդ թվում՝ այն, որ չի նպաստել սեռական հանցագործություններին, սակայն այս համաձայնագիրը թույլ կտա «վերջնականապես փակել այս էջը» և կօգնի հայցվորներին հասնել արդարության:

Տուժած կանանց փաստաբանն ավելի վաղ համաձայնագիրն անվանել էր «վաստակած արդարության հաստատման ևս մեկ քայլ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *