ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԿՀՎ-ն կապի ուղիներ է պահպանում ինչպես Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության, այնպես էլ Անվտանգության դաշնային ծառայության հետ։
NYT-ի տեղեկություններով՝ ԱԴԾ ղեկավարի հետ հանդիպումից առաջ Ջոն Ռեթքլիֆը բանակցություններ էր վարել ուկրաինական կողմի հետ՝ հավաստիացնելով, որ ուսումնասիրելու է Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե գնալու է Կիեւի շահերից բխող զիջումների։
Ալեքսանդր Բորտնիկովի հետ հանդիպման ժամանակ Ռեթքլիֆը ներկայացրել է ԿՀՎ-ի գնահատականը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Նա նաեւ կոչ է արել Մոսկվային լուրջ բանակցություններ սկսել հակամարտության ավարտի շուրջ։
ԿՀՎ ղեկավարը Ռուսաստան էր այցելել օգոստոսի 25-ին։ Նրա այցը նախապես չէր հայտարարվել։