Թրամփը կրկին թիրախում է․ նա քննադատության է արժանացել իր և Դոլլի Փարթոնի՝ AI-ով ստեղծված համատեղ նկարը հրապարակելու համար

Աշխարհահռչակ երգչուհի Դոլլի Փարթոնի մահվան կապակցությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցող բազմաթիվ հայտնիների շարքում էր նաև ԱՄՆ նախագահը։
Փարթոնի պատվին Թրամփը կարգադրեց ԱՄՆ ամբողջ տարածքում մեկ շաբաթով իջեցնել պետական դրոշները․ գրում է Euronews-ը։

Երգչուհու մահվան կապակցությամբ Թրամփը Truth Social-ի իր էջում գրել է․ «Սա իսկապես մեծ կորուստ է միլիոնավոր մարդկանց համար։ Նրա նմանը երբեք չի եղել և երբեք չի էլ լինի։ Նրա պատվին այսօր ժամը 18:00-ից սկսած՝ ԱՄՆ դրոշները մեկ շաբաթով իջեցված կլինեն երկրի ամբողջ տարածքում։ Հանգչի՛ր խաղաղությամբ, Դոլլի՛։ Ամբողջ աշխարհը սիրում է քեզ»։

Սկզբում այս քայլը դրական արձագանք ստացավ, և նույնիսկ Թրամփի ամենակոշտ քննադատներն էին դրական գնահատում այս ժեստը։

Սակայն կարճ ժամանակ անց երգչուհու որոշ երկրպագուներ հայտնեցին, որ նրա Imagination Library ծրագիրը՝ գրագիտության խթանմանն ուղղված նախաձեռնությունը, որը 1995 թվականից ի վեր երեխաներին ավելի քան 330 միլիոն գիրք է նվիրել և Փարթոնի բարեգործական բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է, զրկվել է Թրամփի վարչակազմի ֆինանսավորումից։

Բազմաթիվ երկրպագուներ Թրամփին մեղադրեցին կեղծավորության համար, ինչից հետո նա The Glenn Beck Program հաղորդման ժամանակ հայտարարեց, թե Փարթոնն իրեն լավ էր վերաբերվում։

Երկրպագուները շարունակեցին քննադատել Թրամփին՝ նշելով, որ Փարթոնը ներկայացնում էր այն արժեքները, որոնցից Թրամփը հեռու է՝ հանդուրժողականություն, հարգանք և մարդկանց միավորելու ձգտում։

Այս քննադատությունների ֆոնին Թրամփը որոշեց դիմել արհեստական բանականության օգնությանը։ Truth Social-ի իր էջում ԱՄՆ նախագահը հրապարակեց իր և Փարթոնի՝ AI-ով ստեղծված համատեղ նկարը, որտեղ նրանք թևանցուկ շրջում են Սպիտակ տան տարածքում։

Հրապարակումը մեծ տարածում գտավ համացանցում, իսկ սոցցանցի որոշ օգտատերեր նշեցին, որ Թրամփի՝ AI-ով ստեղծված նկարն «անզգա» քայլ է։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *