Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն»

«Դոպինգ սփեյս» ընկերությունը երկու ամիս է՝ չի կատարում կառավարության պահանջը և Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջե չի վերադարձնում ավելի քան 534 միլիոն դրամը։ Մյուս կողմից ԿԳՄՍՆ-ն 2024-25 թվականներին գործողություններ է ձեռնարկել, որ հնարավորություն են տվել «Դոպինգ սփեյս»-ին ազատվել համերգի հետաձգումից կուտակված հավելյալ տույժերից, տուգանքներից։ Չնայած այս ամենին՝ նույն կառավարությունը նույն ընկերության հետ մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր է կնքել՝ այլ միջոցառում կազմակերպելու համար։

«Ազատություն»-ը ավելի քան մեկ տարի ԿԳՄՍ նախարարության հետ գրագրություն է վարել՝ ստանալու անհրաժեշտ տվյալներ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի փաստացի ծախսերի, պայմանագրային պարտավորությունների ու դրանցում հընթացս կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Ինչ գումար է ենթակա վերադարձի

ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու ամիս է՝ չի կարողանում Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունից հետ ստանալ վերադարձի ենթակա ավելի քան 502 մլն դրամը։ Բանն այն է, որ համերգի համար «Դոպինգ սփեյս»-ին հատկացված 2.3 մլրդ դրամից ընկերությունը տնտեսել է մոտ մեկ քառորդը՝ ավելի քան 1.3 մլն դոլար, բայց այն դեռ բյուջե չի վերադարձրել, չնայած պայմանագրով սահմանված է, որ ծախսերի թերակատարման դեպքում կառավարությունն իրավունք ունի հետ պահանջել գումարը կամ գանձել բանկային երաշխիքից։

Չօգտագործված 1.3 մլն դոլարից բացի «Դոպինգ սփեյս»-ը նախարարությանը դեռ չի վերադարձրել նաև 7.8 միլիոն դրամի տույժ-տուգանքներ, որ գոյացել են հաշվետվությունները վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար, նաև՝ պայմանագրով պարտավորված 24.4 մլն դրամ միանվագ վճարը։ Սրանից բացի, նախարարությունը ձեռնարկել է այնպիսի գործողություններ, որ համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս»-ը խուսափի համերգի չկայացած յուրաքանչյուր օրվա համար տույժեր վճարելուց, որ ամբողջական հաշվարկի դեպքում կհասնեին միլիարդների։

2023-ի օգստոսին Հայաստանի կառավարությունը 2.3 մլրդ դրամ՝ ավելի քան 6 մլն դոլար հատկացրեց «Դոպինգ սփեյս» ընկերությանը՝ Երևանում Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար։ Թանկարժեք համերգը Երևանում կազմակերպվում էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից մեկ ամիս առաջ։ Այդ օրերին 6 մլն դոլար ամերիկյան ռեփերի համերգին հատկացնելու հանրային քննադատությունը հետ չպահեց կառավարությանը այս որոշումից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այդ համերգն անում են, որ «որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել, Հայաստանը ապրում է ու զարգանում է»։

Այս խոսքերից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ դատարկելով այն հայերից։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ: Համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունն էլ այդ ընթացքում պետությունից ստացած 6 մլն դոլարը հետ չէր տրամադրում ԿԳՄՍ նախարարությանը։

Դրամաշնորհային պայմանագրով սահմանվել էր, որ ժամկետները խախտելու դեպքում ուշացված յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար ընկերությունը պետք է տույժ վճարի՝ նախատեսված գումարի 0.5 տոկոսի չափով (խոսքը «Դոպինգ սփեյս»-ին հատկացված ավելի քան 2.3 մլրդ դրամի մասին է)։ Ստացվում է՝ յուրաքանչյուր ուշացված օրվա տույժի չափը 11.5 մլն դրամ է։

2024-ի փետրվարի 19-ին ԿԳՄՍՆ-ը և ընկերությունը փոխել են այս դրամաշնորհային պայմանագիրը՝ համերգի անցկացման նոր ժամկետ սահմանելով 2024 թվականը՝ առանց հստակ օր նշելու։ 2024-ին, երբ Սնուփ Դոգի համերգն էլի չկայացավ, նախարարությունը չկարողացավ հետ ստանալ ոչ միայն կազմակերպման համար հատկացված 2.3 մլրդը, այլ տույժերը, որ գոյացել էին համերգի ուշացման համար։

2025-ի փետրվարի 13-ին ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ դիմել են կազմակերպությանը բյուջեից հատկացված գումարները հետ ստանալու համար և սպասում են ընկերության պատասխանին։ «Դոպինգ սփեյս»-ի և ԿԳՄՍՆ-ի միջև խոսակցությունը շարունակվեց մինչև 2025-ի հուլիսի վերջ, երբ հայտնի դարձավ, որ նույն ծրագրի շրջանակում Սնուփ Դոգի փոխարեն Հայաստան է գալու ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը կայացավ օգստոսի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում։ Մինչ այդ կողմերը փոխել էին պայմանագիրը՝ ըստ էության վերացնելով միջոցառման բանկային երաշխիքները և տուգանքներից խուսափելու սողանցք տրամադրելով ընկերությանը։

Կառավարությունը նախ փոխել է չկատարած պարտավորությունների դիմաց տույժերն ու տուգանքներ գանձելու դրույթները։ Մասնավորապես, ԿԳՄՍ-ն հրաժարվել է ընկերության բանկային երաշխիքից, որից կարող էր գանձել տուգանք՝ համերգի ուշացման կամ թերացման համար։ Նույն կարգավորման մյուս մասը ենթադրում էր, որ տույժ-տուգանքը կարող էր գանձվել միջոցառման իրականացման արդյունքում կազմակերպությանը վճարման ենթակա գումարներից։ Այստեղ էլ կառավարության գործողությունները սահմանափակ էին, քանի որ նախարարությունը դեռ 2023-ին «Դոպինգ սփեյս»-ին էր փոխանցել համերգի կազմակերպման ողջ գումարը՝ 6 մլն դոլարը։

Իսկ որքա՞ն էր կուտակված տուգանքի չափը՝ համերգի հետաձգման գծով

Ըստ պայմանագրի՝ միջոցառման չկայացման ամեն օրվա համար տուգանքի չափը եղել է հատկացված գումարի՝ 2.3 մլրդ դրամի 0.5 տոկոսի չափով։ Աշխատանքային օրերի քանակով բազմապատկելիս ստացվում է, որ «Դոպինգ սփեյս»-ի տուգանքի չափը միայն 2025-ի առաջին ութ ամիսներին կազմել է ավելի քան 1 մլրդ 669 մլն դրամ։ Արդյո՞ք «Դոպինգ սփեյս»-ը վճարել է տույժերն ու տուգանքները համերգի չկայացած օրերի համար ու որքա՞ն է կազմել դա. ընկերությունից միայն պատասխանել են՝ իրենք սահմանված կարգով նախարարություն են ներկայացրել համերգի կազմակերպման ֆինանսական ու բովանդակային հաշվետվությունները։

Նախարարությունը չի պատասխանել հարցին, թե ինչո՞ւ չի գնացել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները գանձելու ճանապարհով, ինչո՞ւ է բանկային երաշխիքից հրաժարվել՝ առանց այս գումարները ստանալու։ Նախարարությունից այս որոշման նպատակահարմարությունը բացատրել են շատ կարճ՝ համաձայնագիրը կնքվել է համերգի անցկացումից ընդամենը երկու օր առաջ ու բանկային երաշխիքի կիրառման անհրաժեշտությունը բացակայում էր։

ԿԳՄՍՆ-ն համերգից տնտեսված 502 մլն դրամը ևս չի կարողանում հետ ստանալ

Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված 2.3 միլիարդից «Դոպինգ սփեյս»-ը ծախսել է 1 մլրդ 816 մլն դրամ, համենայնդեպս, այդքանն է ԿԳՄՍՆ-ն համարել ընդունելի։ Ընկերությունը մնացած 502 միլիոն դրամը տնտեսել է, բայց ամիսներ շարունակ չի վերադարձնում պետությանը։ ԿԳՄՍՆ-ի պատասխանից, միաժամանակ, պարզ չի դառնում՝ նշված գումարը չի՞ ծախսվել, թե ծախսը համարվել է ոչ արժանահավատ։

Բացի այս, նախարարությունը 7.8 միլիոն դրամի տուգանք է պահանջում ընկերությունից՝ հաշվետվությունների ուշ ներկայացման համար, ինչպես նաև 24.3 մլն դրամ, որի միանվագ վճարման պարտավորություն ընկերությունը ստանձնել էր պայմանագրով։ Հունիսի 30-ին նախարարությունը դիմել է ընկերությանը՝ տնտեսված գումարի, տուգանքի ու միանվագ վճարման ենթակա գումարի վերադարձի համար (այդ ամենը միասին՝ 534 մլն դրամ)։ Մոտ 1.5 ամիս անց «Դոպինգ սփեյս»-ը առարկություններ է ներկայացրել իր այդ պարտավորության վերաբերյալ, որը նախարարությունը քննարկում է։ Փաստացի, եթե նախարարությունը հրաժարված չլիներ բանկային երաշխիքից, կարող էր դրանից գանձել այս գումարները։ Այժմ այս գումարների վերադարձնելու տարբերակներից մեկը դատական ճանապարհն է։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *