Երկարատև երաշտի, ծայրահեղ շոգի, կեղևակեր բզեզների թվաքանակի աճի և ծառերի շրջանում հիվանդությունների տարածման համադրությունը Եվրոպայում հանգեցնում է անտառների աննախադեպ չորացման։ Այս մասին նշվել է ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) հայտարարության մեջ։
«Երկարատև երաշտի, ծայրահեղ շոգի, անտառային հրդեհների վտանգի, կեղևակեր բզեզների թվաքանակի աճի և անտառային ծառերի շրջանում հիվանդությունների տարածման համադրությունը տարածաշրջանում հանգեցնում է անտառների աննախադեպ չորացման»,- նշվել է տեքստում։
Նշվել է, որ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում տեղի են ունենում լայնածավալ տերևաթափություն և անտառածածկի վնասում՝ տեղումների զգալի պակասի ֆոնին, որն առանձին շրջաններում ավելի քան վեց տասնամյակի ընթացքում եղել է ամենաերկարատևն ու կայունը։ Հանձնաժողովի տվյալներով՝ միջատները, հիվանդությունները և եղանակային երևույթները տարածաշրջանում ամեն տարի վնասում են մինչև 73 մլն հա անտառ։
ՄԱԿ ԵՏՀ-ում ընդգծել են, որ տարածաշրջանի քաղաքային ծառերը նույնպես տուժում են ուժեղ շոգից և ջրի պակասից, ինչը վտանգ է ստեղծում կլիմայի փոփոխության հետևանքներից քաղաքների պաշտպանության, օդի որակի և բնակչության բարեկեցության համար։
Հունիսի երկրորդ կեսին Եվրոպան բախվել է ծայրահեղ շոգ եղանակի։ Արևմտյան Եվրոպայի երկրներում ջերմաչափի սյունը բարձրացել է 40 աստիճանից բարձր։ Հուլիսի 9-ին Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման եվրոպական Copernicus ծառայությունը հաստատել է, որ անցած հունիսը դարձել է օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգը՝ երկրի մակերևույթի մոտ օդի միջին ջերմաստիճանը կազմել է 20,74 աստիճան։ Financial Times թերթի տվյալներով՝ Եվրամիության երկրների ծախսերը անտառային հրդեհների դեմ պայքարի համար, որոնք ընդգրկել են Ֆրանսիան, Իսպանիան և Եվրոպայի այլ հատվածներ, այս տարի արդեն զգալիորեն գերազանցել են 3 մլրդ եվրոն։