Թրամփի հեռասուֆլյորի օպերատորին տուգանել են 172 հազար դոլար՝ ինսայդերական տեղեկատվությամբ առևտրի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռասուֆլյորի օպերատոր Գաբրիել Պերեսին պարտավորեցրել են վճարել 172 հազար դոլար՝ ծառայողական տեղեկությունը կանխատեսումների շուկայում առևտրի ընթացքում օգտագործելու համար, հայտնել է ԱՄՆ Ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (CFTC), գրում է NBC News-ը։

Գերատեսչության տվյալներով, Պերեսը աշխատանքի շնորհիվ ստացած կարևոր ոչ հրապարակային տեղեկությունն օգտագործել է Թրամփի առաջիկա ելույթների վերաբերյալ՝ Kalshi հարթակում գործարքներ իրականացնելու համար։

Պերեսը այս գործարքներից վաստակել է 107 539,02 դոլար։ Այժմ նա պետք է վերադարձնի ստացված շահույթը և վճարի լրացուցիչ քաղաքացիական տուգանք՝ 65 հազար դոլարի չափով։ Բացի այդ, նրան երեք տարի ժամկետով արգելվել է առևտուր անել կանխատեսումների շուկաներում։

CFTC-ն նրա գործողությունները որակել է ինսայդերական առևտուր։ Խոսքը հատուկ պայմանագրերի մասին էր, որոնց արժեքը կախված էր նրանից, թե նախագահն իր ելույթներում ինչ բառեր կամ արտահայտություններ կօգտագործի։ Այսպիսով, Պերեսն իր աշխատանքի շնորհիվ կարող էր նախապես իմանալ ապագա ելույթների բովանդակությունը։

Kalshi-ն հայտնել է, որ խախտումը բացահայտվել է ընկերության սեփական մոնիթորինգի համակարգի միջոցով։ Հարթակի գլխավոր իրավաբան Բոբբի Դենոն հայտարարել է, որ անկախ պաշտոնից՝ բորսայի կանոնները կամ դաշնային օրենսդրությունը խախտողը կկրի պատիժ։ Kalshi-ն նաև աջակցել է CFTC-ին հետաքննության ընթացքում։

Պերեսը աշխատել է որպես նախագահի տեխնիկական օգնական և 2016 թվականից սպասարկել է Թրամփին որպես հեռասուֆլյորի օպերատոր։ Հուլիսին նրան ուղարկել են վարչական արձակուրդ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել գործարքների մասին։

Այն ժամանակվա Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը տեղի ունեցածն անվանել է էթիկական նորմերի խախտում և հայտարարել, որ աշխատակիցն այլևս չի աշխատի Սպիտակ տանը։

Որոշում կայացնելիս CFTC-ն նշել է, որ Պերեսը «օրինակելիորեն համագործակցել է» քննության հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *