Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Հորդանան գետի Արևմտյան ափի Քուսրա և Ջալուդ պաղեստինյան գյուղերում տեղի ունեցած բռնությունը՝ դատապարտելով իսրայելցի վերաբնակների «բռնության հանցավոր ակտերը», հայտնել է The Times of Israel-ը։
Նեթանյահուն իր հայտարարության մեջ հարձակվողներին անվանել է «խուլիգանների կույտ», որոնք, նրա խոսքով, «ահռելի անարդարություն են պատճառում օրինապահ վերաբնակերին, խանգարում են ՑԱԽԱԼ-ին կատարել իր խնդիրները և վնաս են հասցնում Իսրայելի միջազգային հեղինակությանը»։
Վարչապետի խոսքով՝ անվտանգության ուժերն օպերատիվ կերպով արձագանքել են տեղի ունեցածին, առգրավել երեք ավտոմեքենա և կարճ ժամանակում դադարեցրել անկարգությունները։ Միաժամանակ, Նեթանյահուն չի հայտնել, թե արդյոք հարձակումների մասնակիցները ձերբակալվել են։
Ավելի վաղ տասնյակ արմատական իսրայելցի վերաբնակներ հարձակվել էին Քուսրայի վրա։ Նրանք գրավել էին մի պաղեստինյան տուն, որտեղ գտնվում էր ընտանիք, որից հետո դեպքի վայր էին ժամանել զինծառայողներ՝ հարձակվողներին դուրս մղելու համար։ Անհասկանալի է՝ դրանից հետո վերաբնակները մնացել են տա՞նը, թե՞ հենց գյուղում։
2025 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն պնդում էր, որ բռնությանը մասնակցում է մոտ 70 երիտասարդ, ընդ որում, նրա խոսքով, նրանք Արևմտյան ափի բնակիչներ չեն։ Հուլիսին նա այդ թիվը բարձրացրել էր մինչև 150 մարդ՝ նրանց անվանելով «անչափահաս իրավախախտներ», որոնք, ինչպես պնդում էր Իսրայելի վարչապետը, բերվել էին Արևմտյան ափ։
Սակայն տեղի ակտիվիստները հայտարարում են, որ հարձակումների հետևում կանգնած են իսրայելցիներ, որոնք Արևմտյան ափում հիմնել են անօրինական բնակավայրեր և ֆորպոստեր։ Նրանց խոսքով՝ վերջին երեք տարում նման ֆորպոստերի թիվը կտրուկ աճել է, Նեթանյահուի կառավարությունը նրանց տրամադրում է զգալի ֆինանսավորում և պաշտպանություն։ Քննադատները կարծում են, որ այդ բնակավայրերն օգտագործվում են որպես պաղեստինցիներին իրենց հողերից դուրս մղելու գործիք։
Իսրայելի իշխանությունները քննադատության են ենթարկվում նաև պաղեստինցիների վրա հարձակումների մասնակիցներին հազվադեպ ձերբակալելու համար։ Էլ ավելի հազվադեպ են նման գործերն ավարտվում մեղադրանք առաջադրելով և մեղադրական դատավճիռներով։