2008 թվականին 20-ամյա Ռոման Վերնիդուբը Կրասնոդարից որպես փոխանակման ուսանող ժամանեց Հարավային Կորեա: Երկրի տեխնոլոգիական զարգացվածությունն ու արագությունը նրան այնքան հմայեցին, որ նա որոշեց չվերադառնալ: 2026 թվականին նրա հիմնադրած Koru Pharma ընկերությունը, որն արտադրում է էսթետիկ բժշկության միջոցներ (ֆիլերներ, հիալուրոնաթթու, մաշկի խնամքի միջոցներ), ներգրավեց 100 միլիոն դոլարի ներդրումներ, իսկ դրա տարեկան հասույթը հասավ 25-30 միլիոն դոլարի, գրում է Forbes-ը:
«Լրտեսական» թարգմանություններն ու առաջին քայլերը
Չունենալով բժշկական կրթություն՝ Վերնիդուբը սկսեց որպես թարգմանիչ: Կորեերենում կա «նունչի» հասկացությունը՝ առանց բառերի դիմացինի զգացմունքներն ու իրավիճակը հասկանալու արվեստը: Ասիական բիզնես-մշակույթում ընդունված չէ ուղղակիորեն «ոչ» ասել.
«Երբեմն կորեացի ղեկավարը բանակցությունների ժամանակ համաձայնում էր պայմաններին, բայց նրա դեմքի արտահայտությունն այլ բան էր ասում: Ես կարդում էի դա և զգուշացնում մյուս կողմին: Լսելով գործարարներին՝ սովորում էի բիզնեսի նրբությունները: Դա մի տեսակ «լրտեսական» կողմնակի աշխատանք էր»,- պատմում է Ռոմանը:
2014 թվականին նա նկատեց, որ արտասահմանում կտրուկ աճում է հետաքրքրությունը կորեական կոսմետիկայի նկատմամբ: Նա ստեղծեց Koru կայքը:
Ռիսկ 200 դոլարով և սեփական գործարանը
2016 թվականին Վերնիդուբը որոշեց հրաժարվել «ամեն ինչ վաճառելու» մոդելից և կենտրոնացավ էսթետիկ բժշկության վրա: Կորեական ֆիլերներն ու ներարկումները որակով չէին զիջում եվրոպականին, բայց արժեին 50–100 դոլար՝ արևմտյան 300–500 դոլարի փոխարեն:
Նա ներդրեց իր բոլոր խնայողությունները ($70,000) տեղական գործարաններում պատվերներ տալու համար: Բոլոր ծախսերից հետո նրա գրպանում մնաց ընդամենը 200 դոլար. «Ես պետք է դրանով ապրեի մի քանի ամիս, բայց ետդարձի ճանապարհ չկար»: Ռիսկն արդարացվեց. առաջին տարվա վերջում հասույթը կազմեց 1.5 միլիոն դոլար:
Երբ վրա հասավ համավարակը, մարդիկ Zoom-ի պատճառով սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին, իսկ կլինիկաները փնտրում էին ավելի մատչելի միջոցներ: Koru Pharma-ի վաճառքներն աճեցին:
Կախվածության մեջ չգտնվելու համար Ռոմանը որոշեց սեփական գործարանը կառուցել Սեուլից ոչ հեռու: Նրանք ավելի քան 2000 նամակ ուղարկեցին տարբեր հիմնադրամների (օտարերկրացիներին Կորեայում դժվարությամբ էին վարկ տալիս) և ի վերջո կարողացան ներգրավել անհրաժեշտ միլիոնավոր դոլարները:
Koru Pharma-ն Հարավային Կորեայում այնքան մեծ հաջողությունների հասավ, որ երկրի նախագահից երկու անգամ ստացավ մրցանակ: Կառավարությունը Վերնիդուբին առաջարկեց երկրորդ քաղաքացիություն, որը տրվում է բացառիկ ծառայությունների համար:
«Թեև չեմ մոռացել ռուսերենը, բայց ինձ արդեն լիովին ասիացի էի զգում, նույնիսկ ամուսնացա ճապոնուհու հետ, ուստի սիրով համաձայնեցի»,- ասում է նա:
Այսօր ընկերության պորտֆելում կան 40-ից ավելի յուրահատուկ պրեպարատներ: Դրանց թվում կան նույնիսկ այնպիսիները, որոնք պատրաստվում են սաղմոնի սպերմայից (ձկան կաթնուկից ստացվող պոլինուկլեոտիդներ), ինչը օգնում է մաշկին պահպանել առանձգականությունը:
$100 միլիոնանոց գործարքը
2026 թվականի ապրիլին Lyfe Capital միջազգային հիմնադրամը 100 միլիոն դոլարով ձեռք բերեց Koru Pharma-ի 78% բաժնեմասը: Ռոմանն ընկերությունը լիովին վաճառել չցանկացավ և մնաց որպես ղեկավար:
Այսօր ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 100 երկրների 5000 կլինիկաներում: Բացի բիզնեսից, Վերնիդուբը ղեկավարում է նաև Seoul Business Club-ը՝ օգնելով երիտասարդ սկսնակներին.
«Ես ուզում եմ նրանց ցույց տալ, որ կարելի է գալ Կորեա կամ ցանկացած այլ երկիր ձեռնունայն, սովորական ուսանողի կարգավիճակով, և աշխատասիրության ու անդադար սովորելու շնորհիվ հասնել հսկայական հաջողությունների»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ