Ռումինիայի սահմանապահները հայտնաբերել են Իրանից և Իրաքից 15 միգրանտի, որոնք թաքնվել էին Թուրքիայից Ավստրիա ուղևորվող բեռնատարի բեռնախցում։ Բեռնատարը գրանցված էր Ռումինիայում և այն վարում էր Թուրքիայի քաղաքացի, հայտնում է Digi 24-ը։
Ստուգումն իրականացվել է օգոստոսի 28-ի առավոտյան սահմանային ոստիկանության աշխատակիցների կողմից Կալաֆատի շրջանում՝ Կալաֆատ–Վիդին կամրջի վճարի անցման կետի մոտ։ Փաստաթղթերի համաձայն, բեռնատարը տեղափոխում էր ջուր և անձեռոցիկներ և կնքված էր մաքսային կապարակնիքով։
Սակայն մանրակրկիտ զննության ընթացքում պարզվել է, որ բեռնախցիկ հնարավոր էր մուտք գործել՝ հանելով կիսակցորդի դռների բացման և փակման մեխանիզմն ամրացնող պտուտակները։ Ընդ որում, կապարակնիքը մնում էր անվնաս։
Կապարակնիքը հանելուց հետո բեռնախցի ներսում հայտնաբերվել է 15 տղամարդ։ Նրանք հայտարարել են, որ Իրանի և Իրաքի քաղաքացիներ են։
Միգրանտներին փոխանցել են բուլղարական իշխանություններին՝ ստուգում անցկացնելու և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։ Նրանց կասկածում են սահմանի ապօրինի հատման մեջ։
Բեռնատարի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ միգրանտների ապօրինի փոխադրումը կազմակերպելու կասկածանքով։