Extinction Rebellion (XR) կլիմայական շարժման ակտիվիստները կարճ ժամանակով փակել են Հաագայի A12 ավտոմայրուղու մի հատվածը, հայտնել է NOS-ը։
Ակցիայի տասնյակ մասնակիցներ մոտավորապես ժամը 13:00-ին դուրս են եկել Ուտրեխտսեբաան շրջանի երթևեկելի հատված՝ պահանջելով ուշադրություն դարձնել կլիմայական խնդիրներին։
Մոտ մեկուկես ժամ անց ոստիկանությունն ազատել է մայրուղին։ Ակցիայի բոլոր մասնակիցներին նստեցրել են ավտոբուսներ և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ XR-ի ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվել է 53 մարդ։
Հաագայի իշխանությունները գրեթե անմիջապես հայտարարել են ակցիան ցրելու մեկնարկի մասին։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այս շաբաթ Նիդեռլանդների քաղաքների քաղաքապետերը, դատախազությունը և ոստիկանությունը համաձայնության են եկել ավտոմայրուղիների արգելափակումների մասնակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։
«Ցույցերը հիմնարար իրավունք են, և մենք պաշտպանում ենք այն։ Բայց սեփական կարծիքի արտահայտումը նույնը չէ, ինչ ավտոմայրուղում կամ երկաթուղու վրա վտանգ ստեղծելը», — նշվել է իշխանությունների համատեղ հայտարարության մեջ։ Այնտեղ նաև ընդգծվել է, որ ճանապարհների արգելափակումը վտանգ է ստեղծում այլ մարդկանց համար և այդ պատճառով չի թույլատրվելու։
Իր հերթին, XR-ում հայտարարել են, որ մտադիր են դատարանում բողոքարկել հնարավոր մեղադրանքները։ «Մենք, որպես մարդիկ, չենք կարող աչք փակել կլիմայական խնդրի վրա», — ասել է շարժման ներկայացուցիչը։
Ճանապարհների արգելափակումների հարցը սրվել է ֆերմերների բողոքի ակցիայից հետո։ Օգոստոսի 14-ին A59 մայրուղում, Հեշի մոտ, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել խցանման վերջնամասում, որն առաջացել էր ավտոմայրուղով տրակտորների շարժման պատճառով։ Երկու մարդ զոհվել է, վեց մարդ վնասվածքներ է ստացել։
Բացի այդ, չորեքշաբթի Նիդեռլանդների դատախազությունը պահանջել է XR-ի վեց ակտիվիստների համար նշանակել 120-ական ժամ հասարակական աշխատանք և մեկ ամսվա պայմանական ազատազրկում՝ ապրիլի 25-ին Ուտրեխտում ճանապարհը փակելու համար։ Այդ ակցիան ավելի վաղ արգելվել էր Ուտրեխտի քաղաքապետի կողմից։