Շվեյցարիայի Աարաու քաղաքում գտնվող ձիարշավարանի տարածքում անցկացվող միջոցառման ժամանակ կիրակի գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, հայտնել են Արգաու կանտոնի ոստիկանությունից։ Իրավապահները լայնածավալ գործողություն են իրականացնում, իսկ տեղի ունեցածի հանգամանքները դեռևս մնում են անհասկանալի, հաղորդում է Blick-ը։
Ոստիկանության տվյալներով, կրակոցները հնչել են տեղական ժամանակով մոտավորապես 02:30-ին, երբ ձիարշավարանի տարածքում մեծ թվով մարդիկ են եղել։ Կանտոնալ ոստիկանության ներկայացուցիչ Վանեսա Ռումպոլդը հաստատել է, որ զանգվածային միջոցառման տարածքում մի քանի կրակոց է արձակվել։
«Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», — հայտարարել է նա՝ հավելելով, որ խոսքը «մեծ խմբի մարդկանց շրջանում հնչած մի քանի կրակոցի» մասին է։
Ոստիկանությունը հայտնել է մի քանի տուժածի մասին։ Մինչև այժմ չի հաստատվել, թե արդյոք նրանց թվում կան զոհվածներ։ Մոտավորապես 06:00-ին իրավապահները հայտարարել են «մի քանի զոհի» մասին, սակայն չեն հստակեցրել՝ խոսքը մահացածների՞, թե՞ վիրավորների մասին է։
Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչ Պասկալ Վենցելը տեղի ունեցողը բնութագրել է որպես «հատուկ իրավիճակ»։ Նա ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ անհասկանալի, և շարունակվող գործողության պատճառով իրավապահները դեռևս չեն կարող լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։
Ձիարշավարանի շրջանը շրջափակված է։ Տեղում աշխատում են բազմաթիվ ոստիկանական անձնակազմեր, շտապօգնության մեքենաներ և հրշեջներ։ Գործողությանը ներգրավված են նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կանտոնալ ստորաբաժանումը և Super Puma ռազմական ուղղաթիռը։ Ոստիկանությունը շրջափակված տարածք տանող ճանապարհներին մարդկանց ստուգումներ է իրականացնում։
Բնակիչներին և այցելուներին խորհուրդ է տրվել հեռու մնալ դեպքի վայրից։ Մոտակայքում գտնվող լողավազանը կիրակի օրը փակ է։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք որևէ մեկը ձերբակալվել է հրաձգության կապակցությամբ, թե ենթադրյալ հարձակվողները դեռ ազատության մեջ են։ Ոստիկանությունը նաև չի բացահայտում հնարավոր դրդապատճառների և կրակոցներ արձակած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկությունները։
Ականատեսները պատմել են, որ սկզբում կարող էին կրակոցների ձայները շփոթել հրավառության հետ։ Այցելու կանանցից մեկն ընկերուհու հետ թաքնվել է դիջեյի վահանակի տակ։ Մեկ այլ ականատես նույնպես հայտնել է, որ սկզբում կարծել է, թե տոնական հրավառություն է։
Ականատեսներից մեկի վկայությամբ, կրակոցները հնչել են բազմիցս։ Շվեյցարական Blick պարբերականի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ մոտավորապես 02:35-ին լսվում է կրակոցների շարք։
Ոստիկանությունը կոչ է արել դեպքի լուսանկարներ կամ տեսագրություններ ունեցող ականատեսներին դրանք փոխանցել իրավապահներին։