Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Ստեփանակերտում ծնված և իր ամբողջ կյանքն ու գործունեությունը Արցախի հետ կապած գործիչն այսօր իր 66-ամյակը դիմավորում է Բաքվի բանտում։
Բակո Սահակյանի կյանքի գրեթե յուրաքանչյուր փուլ կապված է Արցախի հետ՝ շարժում, պատերազմ, բանակ, անվտանգություն, նախագահություն։
88-ի շարժման ակտիվիստից` պատերազմի և անվտանգության համակարգի ղեկավար
1988-ին Բակո Սահակյանը միացավ Արցախյան շարժմանը, իսկ 1990-ից՝ ինքնապաշտպանական ուժերին։ Առաջին պատերազմի տարիներին զբաղեցրեց թիկունքի և Պաշտպանության բանակի համակարգում պատասխանատու պաշտոններ։ Պատերազմից հետո՝ 1999-ին, նշանակվեց ԼՂՀ ներքին գործերի նախարար, իսկ 2001-ին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
85 տոկոս ձայներով՝ Արցախի նախագահ
2007 թվականի հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններում Սահակյանը, որպես անկախ թեկնածու, ստացավ 59 326 ձայն(85.12 տոկոս): Սեպտեմբերի 7-ին երդվեց նախագահի պաշտոնում` Սահմանադրության և 17-րդ դարի Ավետարանի վրա։ Սահակյանը պաշտոնավարեց գրեթե 13 տարի՝ մինչև 2020-ի մայիսը՝ դառնալով Արցախի ամենաերկար պաշտոնավարած նախագահը։
13 տարվա նախագահություն՝ պետական ու տնտեսական զարգացում
Սահակյանի նախագահության տարիներին Արցախում իրականացվեցին խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր՝ կառուցվեցին և վերակառուցվեցին ճանապարհներ, ընդլայնվեց ջրամատակարարման համակարգը, զարգացան էներգետիկ ենթակառուցվածքները։ Արցախի բնակչությունը աճեց 10 հազարով, ՀՆԱ-ն 1490 դոլարից հասավ 4800 դոլարի։ Իսկ Արցախի համար արտադրվող և երկրի ներքին պաշարը բավարարող 90 կիլովատ էլեկտրաէներգիան հասավ արտահանման ծավալների` 479 միլիոն կիլովատի։
Քառօրյա պատերազմ՝ Սահակյանի ղեկավարման ծանր տարիներից մեկը
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմաքաղաքական ղեկավարությունն արթուն է անցկացրել։ Բակո Սահակյանը պատմում է, որ ՊԲ հրամանատարի, ԱԱԾ ղեկավարի և Ոստիկանապետի հետ մինչև գիշերվա 01։30 քննարկում էին անելիքները հարձակման դեպքում։
«Տեղյակ էինք, որ հակառակորդը իրականացնում է որոշակի շարժ, և այդ տեղեկությունը արժանացել էր իմ ուշադրությանը, և ես հրավիրել եմ քննարկելու իմ գործընկերների հետ», – պատմել է Սահակյանը։
Պատերազմից հետո նախագահն այցելեց առաջնագիծ և մարտերից տուժած բնակավայրեր։ Մայիսյան եռատոնին ընդառաջ` մայիսի 8-ի պարգևատրման արարողության ժամանակ նրա խոսքն ամփոփում էր Արցախում այդ օրերի տրամադրությունը․ «Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը։ Սա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի»։
Հայրենիքի կորուստ և գերեվարում
2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Սահակյանն արդեն նախագահ չէր․ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր նույն տարվա մայիսին։ 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունից և Արցախի ամբողջական հայաթափումից հետո նա չլքեց Արցախը. ռազմաքաղաքական ղեկավարության հետ մնաց Արցախում։ Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական կողմը ձերբակալեց Բակո Սահակյանին և տեղափոխեց Բաքու։
2026-ի փետրվարին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտեց 20 տարվա ազատազրկման` խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների շինծու մեղադրանքներով։ Օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանը դատավճիռը թողեց անփոփոխ։
Բակո Սահակյանի կենսագրությունը սկսվեց Ստեփանակերտում՝ քարահատ բանվորի աշխատանքով։ Այնուհետև նա կռվեց Արցախի համար, ղեկավարեց նրա անվտանգության համակարգը, 13 տարի նախագահեց Արցախը, իսկ այսօր՝ Արցախի կորստից հետո երրորդ անգամ ծննդյան օրը դիմավորում է Բաքվի բանտում` հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ծանր պայմաններում։