«Հնարավոր է մեկ այլ Եվրոպա». Մարին Լը Պենն արձագանքել է Իսլանդիայի՝ ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելուն

Ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ողջունել է Իսլանդիայի բնակիչների որոշումը՝ չվերսկսել երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները՝ հայտարարելով, որ դա վկայում է «մեկ այլ Եվրոպայի» հնարավորության մասին՝ ազատ և ինքնիշխան պետությունների միավորման։

«Եվրոպական միությանն անդամակցությունը բնական հանգրվան չէ յուրաքանչյուր եվրոպական ժողովրդավարության համար։ Այս հանրաքվեն չափազանց հստակ ազդանշան է ուղարկում․ ժողովուրդները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշելու իրենց ապագան, իրենց ինստիտուտները և իրենց ազգային շահերը պաշտպանելու կարողությունը», — գրել է Լը Պենը X սոցիալական ցանցում։

Նրա կարծիքով, քվեարկության արդյունքները հատկապես կարևոր են ԵՄ-ի դաշնայնացումն ուժեղացնելու և լրացուցիչ լիազորություններ Եվրոպական հանձնաժողովին փոխանցելու փորձերի ֆոնին։

«Այս քվեարկությունը մեզ հիշեցնում է, որ հնարավոր է մեկ այլ Եվրոպա՝ ազատ և ինքնիշխան ազգերի Եվրոպա, որոնք կամավոր համագործակցում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում», — ընդգծել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Օգոստոսի 29-ին կայացած հանրաքվեի ժամանակ Իսլանդիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Բրյուսելի հետ բանակցությունների վերսկսմանը․ 52,8%-ը քվեարկել է դեմ, 47,2%-ը՝ կողմ։ Ընդ որում, խոսքը ԵՄ-ին անհապաղ անդամակցության մասին չէր, այլ միայն բանակցային գործընթացի վերսկսման։

Իսլանդիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսվել էին 2009 թվականին, սակայն հետագայում կասեցվել էին։ Բանակցությունների վերսկսման ընդդիմախոսները, այդ թվում, հանդես էին գալիս ձկնային ռեսուրսների նկատմամբ ազգային վերահսկողության և երկրի ինքնիշխանության պահպանման օգտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *