ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց նախագահին ուղղված մեղադրանքի վիճահարույց մի շարք դրույթներ՝ պնդելով, որ մեղադրանքի հիմքում դրված է այն ենթադրությունը, թե Քոչարյանը կատարված բոլոր գործողություններից տեղյակ է, և, ըստ այդմ, դրանց համար պատասխանատու է։
«Ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության վրա, որ նախագահ Քոչարյանը ամեն ինչից տեղյակ է, և ինչ եղել է, իր մեղավորությունը կա»,- նշեց Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի շրջանակում նախագահը ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի վերադաս, իսկ Կառավարության անդամները՝ որպես նրա ենթականեր, մինչդեռ, ըստ Օրբելյանի, Քոչարյանի կատարած համապատասխան գործողությունը սահմանափակվել է Կառավարության որոշումների վավերացմամբ։