Արիզոնայի Գրանդ Կանյոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո կան անհետ կորածներ


Աշխարհ


ԱՄՆ Արիզոնա նահանգի Գրանդ Կանյոն ազգային պարկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո 15 մարդ անհետ կորած է համարվում, հաղորդում է AFP-ն։ Ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին՝ Բրայթ Էյնջել շրջանում և Ֆանտոմ Ռանչ զբոսաշրջային հանգստավայրի մերձակայքում։ Ավելի վաղ ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը հայտնել էր 20 անհետ կորածի մասին։

Պարկի պաշտոնյաների տվյալներով՝ օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ աղետի գոտուց տարհանվել է 62 մարդ։ Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել։

Ջրհեղեղը լուրջ վնասներ է հասցրել նաև ենթակառուցվածքներին։ Բրայթ Էյնջել Քրիքի վրայով անցնող գրեթե բոլոր հետիոտնային կամուրջները ոչնչացվել են, ինչի հետևանքով դժվարացել է մարդկանց տեղաշարժը։ Վնասվել է նաև ազգային պարկի այցելուներին ջուր մատակարարող ջրատարը։

Միաժամանակ իշխանությունները զգուշացրել են նոր ջրհեղեղների վտանգի մասին։ Օգոստոսի 31-ին տարածաշրջանում սպասվում են ուժեղ անձրևներ և ամպրոպներ, որոնք կարող են հանգեցնել նոր հեղեղումների և արահետներում քարաթափումների։

Գրանդ Կանյոն ազգային պարկը Միացյալ Նահանգների ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է և տարեկան ընդունում է մի քանի միլիոն այցելու։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *