Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը մտադիր չէ դուրս բերել զորքերը Գազայի հատվածում զբաղեցրած դիրքերից, քանի դեռ չի իրագործվել ՀԱՄԱՍ-ի զինաթափման և անկլավի ապառազմականացման նպատակը, հայտնում է The Times of Israel-ը:
Այս մասին Նեթանյահուն ասել է Գազայի հատվածում՝ այսպես կոչված «Դեղին գծի» շրջանում, Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) դիրքեր կատարած այցի ընթացքում: Նրա խոսքով՝ Իսրայելը վերահսկում է անկլավի տարածքի մոտ 60%-ը և մտադիր է պահպանել այդ վերահսկողությունը:
«Մենք նահանջելու միտք չունենք։ Մենք մնում ենք այս գծում։ Մենք վերահսկում ենք հատվածի 60%-ը։ Իսկ առջևում դեռ շատ անելիք կա, քանի որ մենք օրեցօր ոչնչացնում ենք մեզ սպառնացող ահաբեկիչներին», — հայտարարել է վարչապետը։
Նեթանյահուն նշել է, որ այդ շրջանի իսրայելական դիրքերից տեսանելի են սահմանամերձ Աշկելոն, Սդերոտ և Նետիվոտ քաղաքները, ինչպես նաև մի քանի կիբուցներ: Նա նաև հիշատակել է երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարին հասցված հարվածի մասին:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ ՑԱԽԱԼ-ը վերահսկում է Գազայի հատվածի մոտ 60%-ը, և զինվորականներին հանձնարարել էր ընդլայնել վերահսկվող տարածքը մինչև 70%: Սա զգալիորեն գերազանցում է անկլավի այն մակերեսը, որը Իսրայելին թույլատրվել էր պահպանել 2025 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հետ կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակում:
Իսրայելական զորքերի դուրսբերման մասշտաբների ու ժամկետների հարցը, ինչպես նաև հատվածին հասցվող շարունակական հարվածները դարձել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների առանցքային տարաձայնություններից մեկը, որոնք ընթանում են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Խաղաղության խորհրդի» միջնորդությամբ: ՀԱՄԱՍ-ը համաձայնել էր աստիճանական զինաթափման շրջանակային պլանին՝ իսրայելական զորքերի փուլային դուրսբերման դիմաց: Մինչդեռ Նեթանյահուն պնդում է, որ ՑԱԽԱԼ-ը պետք է զբաղեցրած դիրքերում մնա մինչև խմբավորման լիակատար զինաթափման հաստատումը:
«Մենք անում ենք անհրաժեշտ ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար՝ զինաթափել ՀԱՄԱՍ-ը և ապառազմականացնել Գազան, որպեսզի այն այլևս սպառնալիք չլինի Իսրայելի համար», — նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ այդ նպատակը մեծ մասամբ արդեն իրագործվել է, սակայն «գործն ավարտված չէ», և Իսրայելը մտադիր է այն հասցնել վերջնագծին։
Այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Յանիվ Ասորը և 99-րդ դիվիզիայի հրամանատար Էլադ Ցուրին: Հրամանատարությունը վարչապետին զեկուցել է շրջանում ռազմական գործողության ընթացքի, սպառնալիքների չեզոքացման, ինչպես նաև զինծառայողների ու իսրայելական բնակավայրերի անվտանգության ապահովման մասին:
Ուղևորությանը մասնակցել են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Իդո Նորդենը, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Շմուել Բեն-Էզրան և ռազմական քարտուղար Գայ Մարկիզենոն: Բացի այդ, Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ «Գազա» դիվիզիայի կենտրոնակայանում: