Աննա Հակոբյանի վերադարձը․ նոր կերպար, նոր օրակարգ, նոր պայքար

Պայքար՝ ընտանեկան բռնության դեմ, բռնությունը չհանդուրժելու կոչեր, մեջբերումներ օրենսգրքից ու օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ․ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընտանեկան սկանդալից ամիսներ անց հանրությանը ներկայանում է նոր կերպարով՝ հայ կնոջ իրավունքների պաշտպանի։

«Հայաքվե» նախաձեռնության վարչության անդամ Աննա Կոստանյանն ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ  Աննա Հակոբյանի այսպիսի comeback-ը պետք է վերլուծել մի քանի տեսանկյունից՝ ներքաղաքական օրակարգից ուշադրությունը շեղելու փորձից մինչև սեփական իմիջի ռեբրենդինգ։

«Ընդամենը մի քանի ամիս առաջ բավականին հետաքրքիր քննարկումների առիթ դարձավ Նիկոլ Փաշինյանի և նրա անձնական հարաբերությունները, և  որպես քաղաքական կերպար՝ հայտնվեց բավականին խոցելի դիրքերում, հիմա այսպես մարդը փորձում է վերադիրքավորում անել, հանրային իր կերպարին նոր արժեք տալ»,- համոզված է Կոստանյանը։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ այլ մտահոգությունների մասին է խոսում․ թիրախը հայկական ընտանիքն է։ Նրա կարծիքով՝ փորձում են աղավաղել հայկական ավանդական ընտանիքի մոդելը՝ կնոջը ներկայացնելով մշտապես զոհի, իսկ տղամարդուն՝ բռնարարի կերպարում։

«Այն հիմնական ամուր ինստիտուտներից մեկը, որ մենք ունենք, ընտանիքի ինստիտուտն է։ Որպեսզի տվյալ ազգին, տվյալ ժողովրդին իր ինքնությամբ, իր պետականությամբ ավելի թուլացնեն, պետք է բոլոր հիմնասյուներին հարված հասցնեն»,- ասաց հոգեբանը։

Աննա Կոստանյանն էլ նշեց՝ երբ հասարակությունն սկսեց քննադատել հայ կնոջը նման կերպարում ներկայացնելը, Հակոբյանը որոշեց այլ ռազմավարությամբ շարունակել շարքը։

«Աննա Հակոբյանը մի փոքր մեղմեց իր խոսույթը։ Սկսեց տեսանյութեր հրապարակել ու խոսել այն մասին, որ մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայ կնոջ կերպարը շատ այլ նշանակություն և արժեք է ունեցել, սկսեց հղում անել, հիշել, որ հզոր հայ կանայք ենք ունեցել»,- ընդգծեց Կոստանյանը։

Հայ ընտանիքում բռնությունը և հայ կնոջն այդ ամենը լուռ հանդուրժողի դերում ներկայացնելուն հակադարձեց Նալչաջյանը։

«Մեր կին գործիչները նվաստացված, ոչնչացված, առանց իրավունքների մի անկյուն նետված չեն ու երբեք էլ չեն եղել, չկա այդպիսի բան։ Ագրեսիվ վարքի, կնոջ նկատմամբ բռնության առանձին դեպքեր իհարկե կան, բայց դրա համար օրենսգիրք գոյություն ունի, օրենքը կարող է պաշտպանել այդպիսի վիճակում հայտնված կանանց»,- պնդեց հոգեբանը։

Թեման քաղաքական ենթատեքստ է ստանում նաև մեկ այլ պատճառով։ «Հայաքվե» նախաձեռնության վարչության անդամ Աննա Կոստանյանը հիշեց՝ ոչ վաղ անցյալում խորհրդարանում քննարկվում էր Ստամբուլյան կոնվենցիան, որը հանդիպեց հասարակության համառ դիմադրությանը։ Հիմա այն կարող է կրկին վերադառնալ օրակարգ՝ այլ փաթեթավորմամբ։

«Կարծում եմ՝ այս կերպ նաև նա փորձելու է Ստամբուլյան կոնվենցիայի օրակարգը առաջ տանել՝ հող նախապատրաստելով այս տեսակ հարցազրույցներով և արշավներով»,- վստահեցրեց Կոստանյանը։

Սակայն, հոգեբանի գնահատմամբ, հարցը կարող է շատ ավելի լայն հետևանքներ ունենալ։ Խոսքը ոչ միայն ընտանեկան բռնության դեմ պայքարի, այլև հասարակության մեջ ընտանիքի, տղամարդու և կնոջ դերերի վերաբերյալ պատկերացումների փոփոխության մասին է։

«Նպատակն ազգային խմբային ինքնագնահատականի նվազեցումն է։ Իսկ ինքնագնահատականի անկումը՝ թե՛ առանձին անհատի, թե՛ տարբեր սոցիալ-հոգեբանական խմբերի դեպքում, կարող է շատ լուրջ և դրամատիկ հետևանքներ ունենալ»,- համոզված է Կարինե Նալչաջյանը։

Իսկ այս ամենի զուգահեռ իրականությունում քաղաքացին է, որին պատգարակի վրա տանում են դատարան, քաղաքացիները, որոնք մահանում են դատարանում ու կալանավայրում, ոստիկանը, որը քաշքշում է զոհվածի ծնողին, ու երկրի վարչապետը, որը գոռում է տեղահանված արցախցու կամ իրեն հարց ուղղած քաղաքացու վրա։

ԳԱՌՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *