Դաշնակցությունից դեպի «խաղաղ ամուսնալուծություն». ինչո՞ւ են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մտել համակարգային ճգնաժամի փուլ. BBC

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանին կոչ է արել կողմնորոշվել Եվրոպական և Եվրասիական տնտեսական միությունների միջև՝ առաջարկելով հանրաքվե անցկացնել: Փաշինյանը մերժել է այդ գաղափարը, ինչից հետո Պուտինը նրան հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ հարաբերությունները մանրամասն քննարկելու համար, BBC-ի ռուսական ծառայության համար գրում է Գրիգոր Աթանեսյանը:

Ընդ որում, ինչպես նշում է BBC-ն, միայն Ռուսաստանը չէ, որ սպասում է Հայաստանի հանրաքվեին․ Ադրբեջանը ևս ձգտում է հանրաքվեի անցկացման, սակայն արդեն Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցով:

Երկու դեպքում էլ առկա է նաև սահմանադրական արգելք․ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվե հրավիրելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն:

Միությունների և երկաթուղիների շուրջ ծագած վեճ

Բիշքեկում Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անցել է երկու երկրների հարաբերություններում խորացող ճգնաժամի ֆոնին: Երևանը Մոսկվային մեղադրում է հայկական ընդդիմությանն աջակցելու և ժողովրդավարության դեմ հիբրիդային հարձակումներ գործելու մեջ, մինչդեռ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում հայկական ապրանքների ներմուծման վրա և Հայաստանին մեղադրում ԵԱՏՄ առևտրային արտոնություններից օգտվելու, միևնույն ժամանակ՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ շարժվելու մեջ:

Պուտինը, ըստ էության, Երևանին առաջարկել է կողմնորոշվել արտաքին տնտեսական կուրսի հարցում: «Այլ տնտեսական կազմակերպությանը [Եվրոպական միությանը] անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու հայտարարություն, որովհետև թե՛ այնտեղ, թե՛ այստեղ գտնվելն անհամատեղելի է: Խնդիրը սրանում է», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունել է 2025 թվականի մարտին: Երևանը համարում է, որ այդ քայլը չի հակասում ԵԱՏՄ-ին անդամակցությանը, քանի որ եվրաինտեգրման գործընթացը կարող է տասնամյակներ տևել և ինքնին չի երաշխավորում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը:

«Մենք հասկանում ենք, որ կգա մի պահ, երբ պետք է շատ հստակ ընտրություն կատարել: Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ պահը դեռ չի հասունացել, դա մեզ հիմա պետք չէ: Որովհետև ոչ թե մենք հիմա այլընտրանք չունենք, այլ այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ», — ասել է Փաշինյանը:

Պուտինն ի պատասխան կոչ է արել հայաստանցի պաշտոնակցին կողմնորոշվել․ «Դե ուրեմն կատարե՛ք [ընտրությունը], և փակենք թեման: Այսքան բան»:

Այնուամենայնիվ, Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի կոշտ հռետորաբանության հետևում կարող է ընկած լինել ոչ այնքան ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, որքան երկրում ռուսական ակտիվների և ենթակառուցվածքային ներկայության շուրջ ծավալված վեճը:

Մասնավորապես, Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել նրան, որ ռուսական կոնցեսիոն կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղիների կառավարումը փոխանցվի այլ կողմի: Հնարավոր տարբերակների թվում նշվում են Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը, ընդ որում՝ ամենահավանական թեկնածուն համարվում է Ղազախստանը: Դրան զուգահեռ Երևանը ծրագրում է նոր ատոմակայանի կառուցում: Թեև նախագծին հավակնում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան, Հայաստանը բանակցություններ է վարում նաև ամերիկյան և ֆրանսիական ընկերությունների հետ:

«Պուտինը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի ընդունմամբ Հայաստանը փաստացի սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը: Սա պարադոքսալ է հնչում, որովհետև օրենքն ընդունվել էր դրանից մեկ տարի առաջ, բայց մենք այն ժամանակ նման արձագանք չէինք տեսել: Եվ այն, որ հենց հիմա են իրենք այս համատեքստում խոսում այդ օրենքի մասին, հուշում է, որ խնդիրը ոչ թե ԵՄ-ին առնչվող հարցերն են, այլ Ռուսաստանի կառուցվածքային ներկայությունը», — կարծում է Գրիգորյանը:

Լարվածության առանձին աղբյուր են մնում երկաթուղիները: Հայաստանը ձգտում է բացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմաններն և վերածվել տարածաշրջանային «խաղաղության խաչմերուկի»: Դրա համար անհրաժեշտ է վերականգնել խորհրդային շրջանի երկաթուղային երթուղիները, որոնց մի մասը ավերվել էր 1990-ականներին Ղարաբաղյան հակամարտության հետևանքով:

Ադրբեջանն արդեն զբաղվում է տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմամբ, իսկ Թուրքիան վերջերս նույնպես ձեռնամուխ է եղել այդ աշխատանքներին: Մինչդեռ «Հարավկովկասյան երկաթուղին»՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը, չի շտապում ներդրումներ անել հայկական հատվածների վերականգնման գործում:

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր չէ ավելացնել ներդրումները, քանի դեռ չի ավելացել Հայաստանի տարածքով փոխադրումների ծավալը: Երևանում նման դիրքորոշումը համարում են փակուղային. բեռնափոխադրումների ծավալն ավելացնելու համար նախ անհրաժեշտ է վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքը: Միևնույն ժամանակ Մոսկվան պատրաստ չէ ո՛չ կոնցեսիան փոխանցել երրորդ կողմի, ո՛չ էլ միջոցներ ներդնել ճանապարհների վերականգնման մեջ:

Ալիևի և Պուտինի հանրաքվեների միջև

Պուտինի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը համարում է առավելապես քարոզչական քայլ: Նրա կարծիքով՝ դա համապատասխանում է Կրեմլի այն հռետորաբանությանը, թե Ռուսաստանը շահագրգռված է հայ ժողովրդի, այլ ոչ թե կոնկրետ կառավարության հետ հարաբերություններով: Փորձագետը նշում է, որ Մոսկվան նմանատիպ անալոգիկ մոտեցում է ցուցաբերել կիրառել նաև Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ:

Ընդ որում, Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մակարդակը վերջին տարիներին իջել է պատմական նվազագույնին, ինչը Գրիգորյանը կապում է առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության եզրափակիչ փուլում Մոսկվայի որդեգրած դիրքորոշման հետ:

Այլ է իրավիճակը հանրաքվեի հարցում, որին ձգտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դրա նպատակը պետք է դառնա Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, և այս պահանջը մնում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտներից մեկը:

Համաձայնագրի տեքստը համաձայնեցվել էր դեռ մեկ տարի առաջ, սակայն Բաքուն պնդում է, որ մինչև դրա ստորագրումը հայկական Սահմանադրությունից հեռացվի Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: Ադրբեջանի պնդմամբ՝ Թուրքիան նույնպես չի բացում սահմանը և չի կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ մինչև այս պայմանի կատարումը:

Հայաստանի իշխանությունների համար խաղաղության համաձայնագրի կնքումը առաջնահերթություն է, այդ պատճառով Երևանն ընդհանուր առմամբ պատրաստ է դիտարկել նման հանրաքվեի անցկացումը: Սակայն հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստացավ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը:

«Անհասկանալի է, թե իշխող ուժն ինչպես է փորձելու այս ամենը լուծել խորհրդարանում: Գուցե ընդդիմության վրա ճնշում գործադրելու մեթոդով, գուցե այլ ճանապարհներով: Բայց առայժմ հատուկ լուծումներ չեն երևում», — ասել է Գրիգորյանը:

Ռազմավարական հարաբերություններից դեպի «խաղաղ ամուսնալուծություն»

Մոսկվայի և Երևանի հարաբերությունների փոփոխության ևս մեկ ցուցանիշ դարձավ դրանց պաշտոնական կարգավիճակի փոփոխությունը: Հայաստանի կառավարության նոր ծրագրում, որը հաստատվել է օգոստոսին, Ռուսաստանի հետ հարաբերությունները սահմանվում են արդեն ոչ թե որպես ռազմավարական, այլ որպես գործընկերային: Ռազմավարական են անվանվել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունները:

Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը մոտեցման փոփոխությունը բացատրել է Ադրբեջանի հետ հակամարտության ավարտով և արտաքին քաղաքական կուրսը վերանայելու հնարավորությամբ:

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հակամարտային իրադրությունում ունեին այլ իմաստ: Իսկ հիմա, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել արդեն թարմ հայացքով», — հայտարարել է վարչապետը:

Ընդ որում, տարաձայնությունների պատճառները մեծապես կապված են նրա հետ, թե ինչպես են Մոսկվան և Երևանը գնահատում Ղարաբաղյան հակամարտության ավարտը: Հայաստանում համարում են, որ Ռուսաստանը չի կատարել դաշնակցային պարտավորությունները, երբ 2022 թվականին ադրբեջանական ուժերը հարձակվեցին հայկական տարածքի վրա, իսկ 2023 թվականին ռուս խաղաղապահները չպաշտպանեցին Ղարաբաղի հայ բնակչությանը Ադրբեջանի գործողության ընթացքում:

Մոսկվան հերքում է այս հավակնությունները: Պուտինը հայտարարում էր, որ Ռուսաստանը չէր կարող միջամտել 2022 թվականի իրադարձություններին, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէր: Ղարաբաղի առնչությամբ ռուսական կողմը նշում է, որ Փաշինյանն ավելի վաղ այն ճանաչել էր Ադրբեջանի մաս:

Արդյունքում Երևանում համարում են, որ Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակցին, մինչդեռ Մոսկվայում զարմացած էին նման արձագանքից:

«Երկու երկրների հարաբերությունները համակարգային ճգնաժամ են ապրում: Դաշնակցային նախկին մոդելն այլևս չի գործում, իսկ նորը դեռ ստեղծված չէ: Եվ թեև երկու կողմերն էլ այս կամ այն չափով արդեն հայտարարել են «խաղաղ ամուսնալուծությունը», դրա ալգորիթմը նույնպես մշակված չէ», — գրում է ՄԳԻՄՈ-ի ավագ գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *