Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում ձգտում են հասնել իրենց նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը

Վենեսուելայի տապալված նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ-ի դատավորին՝ խնդրելով հանել իր դեմ ներկայացված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքները՝ այն հիմքով, որ նա անձեռնմխելիություն ունի որպես օտարերկրյա պետության ղեկավար, հայտնում է Associated Press-ը։

«Ոչ մի ամերիկյան դատարան երբեք չի քննել քրեական գործ օտարերկրյա առաջնորդի նկատմամբ, որը մեղադրանք առաջադրելու պահին իր երկրում ճանաչված էր որպես պետության ղեկավար։ Պետությունների ղեկավարները չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության որևէ դատարանում, բացի իրենց սեփականից», – հայտարարել են Մադուրոյի փաստաբանները։

Պաշտպանության կողմը նշում է, որ Մադուրոն «կտրականապես հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները»։

«Եթե գործը հասնի դատարան, ակնհայտ կդառնա, որ նրան կեղծ են մեղադրել», – ընդգծել են նրանք։

Չորեքշաբթի ներկայացված առանձին փաստաթղթերում Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբանները հայտարարել են, որ նա նույնպես ԱՄՆ-ում քրեական հետապնդումից անձեռնմխելիություն ունի՝ ինքնիշխան անձեռնմխելիության սկզբունքի հիման վրա։

Դաշնային դատախազները ծրագրում են այս ամսվա վերջին ներկայացնել պաշտպանության փաստարկներին իրենց պատասխանը։

Գործակալությունը հայտնում է, որ դատավոր Էլվին Հելլերսթայնը մեղադրական եզրակացությունը մերժելու միջնորդությունների վերաբերյալ բանավոր լսումներ է նշանակել նոյեմբերի 17-ին։

Այս պահին Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի դաշնային բանտում։ Եթե գործը կարճելու միջնորդությունը չբավարարվի, նրանց դատավարությունը կկայանա 2027 թվականի հունիսի 1-ին։

Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, եթե երդվյալները եզրակացնեն, որ նրանք մասնակցել են ԱՄՆ կոկաին ներմուծելու նպատակով դավադրությանը։

2026 թվականի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական գործողություն է իրականացրել, որի ընթացքում Վենեսուելայից դուրս են բերել այդ երկրի նախագահին։ Գործողության ձևական պատճառը այն էր, որ Մադուրոն ԱՄՆ-ում հետախուզման մեջ էր համարվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *