«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան (տեսանյութ)

«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան

«Այն պահից, երբ Հայոց մոռացված ցեղասպանությունը մտավ միջազգային օրակարգ, ոմանց համար այն դարձավ անհարմար թեմա: Իսկ երբ միջազգային ճանաչման խնդիրը դրվեց մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, մարդու իրավունքների պատմական արդարության հիշողության վեհ գաղափարների ջատագով երկրները մեզ հորդորում էին մոռանալ անցյալը և մեր հայացքը սևեռել դեպի ապագա»,- Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհդաժողովի ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ այդ ընթացքում ինքն ու իր գործընկեր դիվանագետները խոսքն ուղղել են արտաքին աշխարհին՝ ապացուցելով, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, ներկայի մասին է:

«Հիմա մեզ ասում են հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը անցյալում: Բայց անցյալը չի ավարտվել: Եթե այս ողբերգության առաջին ֆիզիկական փուլը իրականացվել է ամբողջությամբ, ապա երկրորդը դարձել է շատ ավելի երկարատև և ոչ պակաս վտանգավոր: Որոշ պատմական վերքեր չեն ավարտվում իրենց պաշտոնական ավարտով, դրանք տեղափոխվում են այլ հարթություններ՝ հիշողություն, քաղաքականություն, հանրային գիտակցություն, միջազգային հարաբերություններ: Այս կետում անցյալն ու ներկան միաձուլվում են, անցյալը չի անհետանում, այլ փոխում է իր ներկայության ձևը:

Հայոց ցեղասպանության խնդիրը չի ընկալվում որպես փակված էջ, այլ որպես շարունակվող պատմություն, որը պահանջում է արձագանք նաև ներկայում»,- նշել է Այվազյանը և հավելել. «Վերջին տարիների իրականությունը ցույց է տալիս՝ Ապրիլի 24-ը վերածվում է ձևական արարողակարգային միջոցառումների շարքի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *