Վաշինգտոնի գագաթնաժողովի պահից սկսած
մենք փաստացի ապրում ենք խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև
ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝
հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով
Բաքվում կայացած ականազերծման թեմայով 4-րդ միջազգային համաժողովում՝
«Մարդասիրական ականազերծում քաղաքների վերակառուցման համար. անվտանգ բնակավայրերի
համար կատարյալ ստանդարտների սահմանում»։
Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների
միջև երկխոսությունը շարունակվել է, սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում
են փոխադարձ կապի և հաղորդակցության ոլորտներում նախագծեր։
«Միևնույն ժամանակ, մեր
հասարակություններից ակնկալվում է նայել դեպի այլ ապագա։ Սա իսկապես պատմական
հնարավորություն է։ Սակայն խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական
համաձայնագրերով։ Խաղաղությունը պետք է տեսանելի և շոշափելի լինի տեղերում,
մարդկանց առօրյա կյանքում։ Ադրբեջանում խաղաղությունը շոշափելի դարձնելու ամենամեծ
խոչընդոտներից մեկը գտնվում է գետնի տակ»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը՝ նկատի
ունենալով ականները և դա համարելով հոգեբանական հարված ընտանիքներին։ Նրա խոսքով՝
դա ցույց է տալիս, որ պատերազմը դեռևս լիովին չի մնացել անցյալում, ինչը բացասաբար
է ազդում հասարակության վստահության վրա: