Ռուսաստանը Հայաստանում ունի միայն մեկ ամենակարևոր ակտիվ, և դա նրա ռազմական բազան է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը Ղրղզստանի մայրաքաղաքում։
Նրա խոսքով՝ մնացած բոլոր ակտիվները՝ ի դեմս «Հարավկովկասյան երկաթուղի», «Գազպրոմ Արմենիա» և այլ ընկերությունների, Մոսկվայի համար երկրորդական նշանակություն ունեն։
«Երբ Պուտինն ասում է՝ «Ես պատրաստ եմ իմ ռազմական բազան դուրս բերել Հայաստանի տարածքից», դա բառացիորեն նշանակում է հետևյալը՝ «Ես պատրաստ եմ գնալ մինչև վերջ»։ Այսինքն՝ նա հասկացնել է տալիս, որ Փաշինյանը չի կարողանա իրեն շանտաժի ենթարկել որևէ հարցով՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով, ո՛չ «ՀԿԵ»-ի շուրջ «բազարի» հարցով, ո՛չ էլ փողերի պատճառով», – պարզաբանել է Բադալյանը։
Միաժամանակ, ինչպես նշել է փորձագետը, Պուտինը, փաստորեն, հայտարարել է, որ ձեռքերը լվանում է։ Հայաստանի և հայ ժողովրդի ապագան նրան այլևս չի հուզում։ Բոլոր հետագա բացասական հետևանքները նա լիովին պատրաստ է բարդել Հայաստանի գործող իշխանությունների ուսերին։