Այն գործի շրջանակներում, որով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության որոշում է ընդունվել, արդեն իսկ ակնհայտ է և պարզ է, որ գործը շինծու է, փուչիկ է, ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականության հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։
«Այստեղ միակ ակնկալիքը մեկն է, որ արդարությունը, ի վերջո, հաղթի և Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որոշումը չեղարկվի։ Ծառուկյանը երբեք պատասխանատվությունից չի խուսափել։ Նա միշտ ասել է՝ «ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում», բայց այսօր մենք տեսնում ենք, որ օրենքի շրջանակներում չի կատարվում ոչ մի բան։ Գագիկ Ծառուկյանը իր դիրքորոշմամբ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության օրինականության, սուվերենության դիրքերից»,–ասաց նա։
Անդրադառնալով նախօրեին Բիշկեկում Փաշինյան–Պուտին հանդիպմանը, Արման Աբովյանն ասաց. «Այդ հանդիպումը ոչ մի հարց չլուծեց մարդկանց համար։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր աչքերը չռած հավատում են իշխանական պրոպագանդիստական աղբյուրներին, պարզապես գնալ Արտաշատ, Աշտարակ, Վեդի, Արարատ, Գեղարքունիք, գյուղացիների հետ շփվել և կտեսնեն, որ այնտեղ բոլոր պատասխանները կան։ Ի՞նչ մենք ստացանք Բիշկեկում։ Ըստ էության մենք Բիշկեկում ոչ մի բան չստացանք, բացի մի կարևոր հանգամանքի, որ փառք Աստծո, երկխոսությունը ավարտված չէ։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ երկխոսությունը Մոսկվայում է տեղի ունենալու»։
Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ԲՀԿ–ական գործիչն ասաց. «Այս իշխանությունը ռազմաբազան, ըստ էության, փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, այսինքն եթե սա չանեք՝ ռազմաբազան կհանենք։ Ռուսները, ըստ էության, այդ խաղաքարտը Փաշինյանի ձեռքից վերցրեցին։ Իրեն մնում էր հայտարարել այն, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել է Թուրքիան, հայտարարել է Ադրբեջանը։
Պատրանք է ստեղծվում իբր խաղաղության, որովհետև չկա խաղաղություն, ուզում են 168 հատ թուղթ ստորագրեն թուրքերի ու ադրբեջանցիներ հետ։ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը խաղաղության այն մոդելն է, որտեղ մենք չկանք, կամ կանք, օրինակ, արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո։
Շատ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր, օրինակ, Փաշինյանի հայտարարությունը, որ իրենք Ալիևի հետ չեն քննարկել, օրինակ, Սահմանադրության փոփոխությունը։ Ինչի՞ պիտի քննարկեն, հրահանգը իջացրել են, անում եք, էլ ինչ քննարկելու բան կա»։