Թաիլանդի և Սինգապուրի վարչապետները միասին կատարել են The Beatles-ի և Բոբ Դիլանի երգերը․ երաժշտական դիվանագիտություն

Թաիլանդի և Սինգապուրի վարչապետներ Անուտին Չառնվիրակուլն ու Լոուրենս Վոնգը Բանգկոկում պաշտոնական ընթրիքի ժամանակ կազմակերպել են երաժշտական դուետ՝ կատարելով The Beatles-ի և Բոբ Դիլանի երգերը, հայտնում է The Standard-ը։

Վոնգը ձեռքն է վերցրել ակուստիկ կիթառը, իսկ Չառնվիրակուլը կատարել է վոկալ պարտիաները։ Քաղաքական գործիչները միասին կատարել են The Beatles խմբի «Let It Be»-ն և Բոբ Դիլանի «Blowin’ in the Wind»-ը։ Ելույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի երեկոյան՝ ի պատիվ Վոնգի կազմակերպված ընդունելության ժամանակ, որը պաշտոնական այցով գտնվում էր Թաիլանդում։

Երաժշտական դադարը դարձել է երկու վարչապետների բանակցությունների ոչ պաշտոնական շարունակությունը։ Նույն օրը նրանք անցկացրել են Թաիլանդի և Սինգապուրի առաջնորդների ձևաչափով 5-րդ բանակցությունները, որոնք առաջինն էին վերջին 11 տարվա ընթացքում։ Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը, պարենային ու էներգետիկ անվտանգությունը, ներդրումները, թվային տնտեսությունը և արհեստական բանականությունը։

Հանդիպման արդյունքներով Թաիլանդն ու Սինգապուրը պայմանավորվել են ամրապնդել նոր ռազմավարական գործընկերության շրջանակում առկա համագործակցությունը, ինչպես նաև համակարգել ԱԽՏԽ-ի աշխատանքները։ Թաիլանդը կազմակերպությունում նախագահելու է 2027 թվականին, իսկ Սինգապուրը՝ 2028-ին։

Վարչապետների ելույթն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում։ Թաիլանդական ԶԼՄ-ները նշել են երեկոյի ջերմ ու ոչ պաշտոնական մթնոլորտը, որտեղ Չարնվիրակուլը երգում էր, իսկ Վոնգը նվագակցում էր նրան կիթառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *