Մեկ տարվա «ուղիղ առևտուրը»․ Ադրբեջանից՝ հազարավոր տոննաներով վառելիք, Հայաստանից՝ զրո արտահանում

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարվեց ուղիղ առևտրային հարաբերությունների հաստատման մասին։ Թեև դա ներկայացվում է որպես կարևոր ձեռքբերում, իրական պատկերը ցույց է տալիս, որ գործընթացը «փոխադարձ առևտուր» այնքան էլ չի հիշեցնում: Խոսքն այս դեպքում բացառապես մեկ ուղղությամբ գործող համակարգ է՝ հիմնված Ադրբեջանից դեպի Հայաստան իրականացվող ներմուծումների վրա։

ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները․ ի՞նչ է բերվել Ադրբեջանից

BanksNews.am-ի կողմից ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) ուղարկված հարցմանն ի պատասխան` տրամադրվել են տվյալներ, թե որքան և ինչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից Հայաստան։

Ըստ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի՝ 01.01.2025-31.08.2026թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստան է ներմուծվել (բաց թողնվել)․

  • 4910.1 տոննա ավտոմոբիլային բենզին,
  • 14945.5 տոննա դիզելային վառելիք,
  • 230 տոննա շինարարական ջերմամեկուսիչ ծակոտկեն սալեր։

Արտահանման օրակարգն առայժմ մնում է թղթի վրա

Թեև իշխանության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են հայկական արտադրանքն ադրբեջանական շուկա արտահանելու մասին, այդ հայտարարությունները դեռևս գործնականում որևէ արդյունք չեն տվել։

Դեռևս 2026 թվականի տարեսկզբին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էին, որ կողմերը փոխանակվել են հավանական ապրանքացանկերով։

«Ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է բավականին երկար ցանկ, մենք՝ նրանց»,- հավաստիացնում էր նախարարը՝ հույս հայտնելով, որ գործարար միջավայրը կարձագանքի այդ հնարավորություններին։

Այդ հայտարարություններից ամիսներ անց էլ ադրբեջանցի գործարարները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել հայկական ապրանքների նկատմամբ։ Սակայն օգոստոսի 13-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նշել էր.

«Ադրբեջանի հետ ապրանքների փոխադարձ առևտրի մասով օրակարգը կա, և առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան»։

Թե երբ կլինի այդ «առաջիկան» և կոնկրետ որ ապրանքատեսակների մասին է խոսքը, գործադիրի ղեկավարը չի մանրամասնել։

Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանից Հայաստան են հոսում հազարավոր տոննաներով վառելիքն ու շինանյութը, իսկ հայկական արտահանման ցուցանիշը դեպի հարևան երկիր շարունակում է մնալ ճշգրիտ զրո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *