ԱՄՆ-ն Լիբանանին է վերադարձրել հռոմեական դարաշրջանի դամբարանասալերի հատվածները, որոնք հափշտակվել էին երկրի հարավում գտնվող հնագույն Տյուրոս քաղաքի շրջանում իրականացված ապօրինի պեղումների հետևանքով։ Արտեֆակտները հայտնաբերվել են ՀԴԲ-ի (FBI) հետաքննության ընթացքում, հայտնում է AFP-ն։
Կապարե դեկորատիվ բեկորները չորեքշաբթի օրը փոխանցել են Նյու Յորքում Լիբանանի հյուպատոսությանը՝ հետագայում հայրենիք վերադարձնելու նպատակով։ Լիբանանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարում այս արտեֆակտների վերադարձն արտացոլում է երկու երկրների համագործակցությունը։
Լիբանանի մշակույթի նախարար Ղասան Սալամեն հայտնել է, որ բեկորները հայտնաբերվել են Տյուրոսի շրջանում իրականացված ապօրինի պեղումների ժամանակ։ Նրա խոսքով՝ դրանք ունեն գեղարվեստական, դեկորատիվ և տեխնիկական այնպիսի բնորոշ առանձնահատկություններ, որոնք հատուկ են եղել հնում Տյուրոսում կապարե սարկոֆագներ պատրաստող արհեստանոցներին։
ՀԴԲ-ի տվյալներով՝ ցուցանմուշները գողացվել են Տյուրոսում կամ նրա շրջակայքում իրականացված ապօրինի պեղումների ընթացքում, որից հետո դուրս են բերվել Լիբանանի տարածքից։
Տյուրոսը համարվում է Լիբանանի հնագիտական ժառանգությամբ ամենահարուստ շրջաններից մեկը։ Միևնույն ժամանակ, Սալամեի խոսքով, Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև վերջին պատերազմի ընթացքում այս շրջանը լուրջ վնասներ է կրել իսրայելական հարվածներից։
Հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Տյուրոսն ընդգրկել է վտանգի տակ գտնվող Համաշխարհային ժառանգության ցանկում։
Բեկորների վերադարձը ԱՄՆ-ից լիբանանյան հնությունների ռեպատրիացիայի առաջին դեպքը չէ։ 2017 թվականի դեկտեմբերին Լիբանան էին վերադարձրել երեք հնագույն արտեֆակտ, այդ թվում՝ 1,2 միլիոն դոլար արժողությամբ հունական ոճով պատրաստված ցլի գլուխը, որն ավելի վաղ ցուցադրվել էր Met Gala-ում։