Լեհաստանն առաջարկել է Եվրամիությունից արտաքսել գրեթե հազար ռուս դիվանագետի

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Եվրամիությանը կոչ է արել արտաքսել բլոկի երկրներում աշխատող ռուս դիվանագետների մինչև 40%-ը․ խոսքը գրեթե հազար մարդու մասին է։ Ինչպես Վեյմարում Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նշել է Սիկորսկին, հիբրիդային հարձակումների վերջին ալիքը ցույց է տալիս, որ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ սահմանափակումներ մտցնի Ռուսաստանի նկատմամբ։ «Ի վերջո, Ռուսաստանը փորձում է ներսից քանդել ԵՄ-ն, և նրան չպետք է թույլ տալ օգտվել ազատ տեղաշարժի արտոնություններից», — ասել է նա (նրա խոսքերը մեջբերում է Politico

Լեհական կողմի գնահատմամբ՝ այժմ Եվրամիության երկրներում գտնվում են ավելի քան 2 հազար ռուս դիվանագետներ, և նրանցից առնվազն 40%-ը, ինչպես ընդգծել է լեհ նախարարը, «կատարում են իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի առաջադրանքներ», այդ թվում՝ աշխատում են հատուկ ծառայությունների համար, որոնք եվրոպական երկրներում «ծավալում են ահաբեկչական գործունեություն»։ Բացի Ռուսաստանից դիվանագիտական աշխատակիցների թվի կրճատումից, Սիկորսկին կոչ է արել սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժի ազատությունը, կրճատել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը և ԵՄ մուտք գործելիս ռուսաստանցիների համար պարտադիր դարձնել միայն կենսաչափական փաստաթղթերի օգտագործումը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է աջակցել հետագա քայլերին, «եթե դա պահանջեն հանգամանքները»։

Վարշավայի առաջարկը հնչել է Գերմանիայում տեղի ունեցած մի շարք դիվերսիաներից հետո, որոնք երկրի իշխանությունները կապում են Ռուսաստանի հետ։ Օգոստոսի 4-ին Լայպցիգ/Հալե օդանավակայանում ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռի կողքին հայտնաբերվել է պայթուցիկով անօդաչու թռչող սարք։ Ավելի ուշ քննիչները հայտնաբերել են ևս մեկ դրոն և մոտ 50 գրամ պայթուցիկ։ Գերմանիան պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին հարձակման փորձի մեջ։ ԳԴՀ ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները «տեղավորվում են ապակայունացման, ապատեղեկատվության, սպառնալիքների, դիվերսիայի և Եվրոպայի դեմ ուղղված ագրեսիայի փորձերի երկար շարքում»։

Սեպտեմբերի սկզբից Գերմանիայում տեղի է ունեցել ևս մի քանի միջադեպ․ Բերգհայմում անհայտ անձինք կարճ միացում են առաջացրել էլեկտրահաղորդման գծում՝ անջատելով ընդհանուր 4200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկներ, Բրանդենբուրգում ինքնաշեն հրթիռներով վնասել են ենթակայանը, Աուգսբուրգում կայարանի մոտ պայթել է չպարզված առարկա, Մյունխենում էլ պաշտպանական ձեռնարկության շինհրապարակ են նետել «Մոլոտովի կոկտեյլներ»։

Լարվածության աճի կապակցությամբ Գերմանիան որոշել է խստացնել ռուսաստանցիների նկատմամբ վիզային քաղաքականությունը։ ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Գիզեն հայտարարել է, որ ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունները չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով, քանի դեռ Ռուսաստանը վարում է ագրեսիվ պատերազմ։ Նրա խոսքով՝ տրվող վիզաների քանակը «չափազանց մեծ է», և Բեռլինը մտադիր է այն կրճատել։ Սեպտեմբերի 1-ին ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Յոհան Վադեֆուլը հայտնել է ռուսաստանցիների մուտքի վերահսկողության խստացման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *