ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

2026թ․ պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2026) աշխատանքների ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, նախատեսված ժամանակացույցի համաձայն, Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է Հայաստանի Հանրապետության միասնական էներգահամակարգին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից։

Էներգաբլոկի վերագործարկումն իրականացվել է սահմանված տեխնոլոգիական ընթացակարգերին համապատասխան՝ անհրաժեշտ ստուգումների և փորձարկումների հաջող ավարտից հետո։

ՊՆՎ-2026-ի շրջանակում իրականացվել է շուրջ 20 համալիր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հիմնական համակարգերի և սարքավորումների հուսալիության բարձրացմանը, դրանց շահագործման ժամկետների երկարացմանը, ինչպես նաև անվտանգության մակարդակի շարունակական կատարելագործմանը։

«Վերանորոգման ընթացքում կատարվել են հիմնական և օժանդակ սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկման, վերանորոգման, արատորոշման և ստուգման աշխատանքներ։ Միաժամանակ շարունակվել են տեխնիկական արդիականացման ծրագրերը, որոնք միտված են էներգաբլոկի անվտանգ, կայուն և արդյունավետ շահագործման ապահովմանը։

ՊՆՎ-2026-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կատարումը կազմակերպվել է նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վերահսկման ներքո:

Ներկայում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով։ Հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների խստագույն պահպանմամբ», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործումը դադարեցվել էր ապրիլի 1-ից։

Սեպտեմբեր 04, 2026 at 10:45

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *