Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն անցկացրել են հերթական գոտեմարտերը: Մեր չորս ըմբիշներ շարունակում են պայքարը, իսկ երկուսն ավարտել են ելույթները:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 2 րոպեում հաղթեց Անդրեաս Վետշին ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը մրցաշարը սկսել է տպավորիչ հաղթանակով. նա մեկնարկում տուշեով պարտության է մատնել իտալացի Թոմասո Բոսիին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում է նաև 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը՝ Վիկտոր Նեմեշը, վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:
Պայքարը հաղթանակով է սկսել և հաջորդ փուլ է անցել 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, ով մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Քրիստոֆեր Դալենի նկատմամբ:
Ցավոք, մեր թիմի երկու ներկայացուցիչներ լքել են պայքարը: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը սփոփիչ առաջին գոտեմարտում 9-1 հաշվով՝ ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել խորվաթ Մատեյ Մանդիչի նկատմամբ, սակայն երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտություն է կրել ու ավարտել ելույթները Եվրոպայի առաջնությունում:
130 կգ գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը ևս պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում ու դուրս մնացել մեդալային պայքարից: