Օգոստոսին Գերմանիա անօրինական մուտքի գրանցված դեպքերի թիվը հուլիսի համեմատ նվազել է մոտ 14%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 39%-ով, հաղորդում է Die Welt-ը՝ հղում անելով Գերմանիայի Դաշնային ոստիկանության տվյալներին։
Այս տեղեկատվության համաձայն, մեկ ամսվա ընթացքում 3 587 մարդ փորձել է մուտք գործել երկիր առանց վավեր փաստաթղթերի, ինչն ավելի քան հինգ տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։
Տարվա առաջին ութ ամիսներին գերմանացի սահմանապահները գրանցել են անօրինական մուտքի 32 606 դեպք՝ ցամաքային, օդային և ծովային սահմաններով։ Սա մոտ 24%-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Գերմանիայի բոլոր հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը գործում է 2024 թվականի սեպտեմբերից։ 2025 թվականի մայիսին իշխանության գալուց հետո Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ), Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) կառավարության ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը նաև կարգադրել է խստացնել մուտքի մերժման գործելակերպը։ Այդ ժամանակից ի վեր, ըստ Դաշնային ոստիկանության տվյալների, սահմանին հետ է ուղարկվել 43 438 մարդ։
Միևնույն ժամանակ, անօրինական մուտքերի վիճակագրությունը չի ներառում սահմանի չգրանցված հատումները, օրինակ՝ չպահպանվող հատվածներով։ Բացի այդ, ապաստանի համար ներկայացված դիմումների թիվը անօրինական միգրացիայի ուղղակի ցուցանիշ չէ. առաջին կիսամյակում առաջին անգամ ապաստան է խնդրել 39 646 մարդ, սակայն նրանց մի մասը Գերմանիա է ժամանել օրինական ճանապարհով՝ այդ թվում զբոսաշրջային կամ շենգենյան վիզաներով։