Խորվաթիայի մայրաքաղաքում անցկացվել է վերջին մի քանի տարվա ամենախոշոր բողոքի ցույցերից մեկը՝ ընդդեմ շրջակա միջավայրի աղտոտման

Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Զագրեբի կենտրոնական հրապարակում՝ բողոքելով իշխանությունների անգործության դեմ՝ կապված Խորվաթիայի կենտրոնական հատվածում պահվող ավելի քան 30 հազար տոննա թափոնների հետ, հաղորդում է Reuters-ը։

Բնապահպանները պնդում են, որ աղբը աղտոտում է տարածաշրջանի խմելու ջրի աղբյուրները։

Ակցիան դարձել է Խորվաթիայում վերջին մի քանի տարիների ամենախոշորներից մեկը և ստացել է «Երթ հանուն Լիկայի» անվանումը՝ լեռնային այն տարածաշրջանի անունով, որտեղ կուտակվում են թափոնները։

Անցյալ տարի իշխանությունները Գոսպիչ քաղաքի շրջանում հայտնաբերել էին 34 հազարից մինչև 37 հազար տոննա աղբ։ Դրա զգալի մասը 2023–2024 թվականներին բերվել էր Իտալիայից։ Կառավարությունը խոստացել էր մաքրել տարածքը, սակայն բնապահպանական կազմակերպությունները հայտարարում են, որ այս ուղղությամբ էական առաջընթաց չի եղել։

Բնապահպանների վկայությամբ, թափոնների մեջ կա բժշկական և այլ արդյունաբերական աղբ, որն աղտոտում է Լիկայի օդը, հողը և ջուրը․ սա տարածաշրջան է, որը հայտնի է գրեթե անձեռնմխելի բնության իր ընդարձակ տարածքներով։ Ակտիվիստները մեղադրում են իշխանություններին խնդրի չափազանց դանդաղ լուծման համար։

Ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Խորվաթիայի թոքերն այլևս չեն կարող շնչել», «Կանգնեցրե՛ք Խորվաթիայի կործանումը» և «Բնությունը չի ներում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *