Եվրոպային նախազգուշացրել են չինական մրցակցության պատճառով 300 000 արդյունաբերական աշխատատեղ կորցնելու մասին

Եվրոպական արդյունաբերությունը մինչև 2026 թվականի վերջը կարող է կորցնել ևս մոտ 300 հազար աշխատատեղ՝ Չինաստանի կողմից աճող մրցակցության պատճառով, նախազգուշացրել է ճյուղային Eurometal կազմակերպությունը, գրում է The Guardian-ը։

Կառույցում Բրյուսելին կոչ են արել թույլ չտալ եվրոպական արտադրողների հետագա դուրսմղումը չինական բաղադրիչներ մատակարարողների կողմից։

Eurometal-ը կարծում է, որ Չինաստանը գնալով ավելի ակտիվ է ներթափանցում եվրոպական արտադրական շղթաներ՝ մատակարարելով ոչ միայն պատրաստի արտադրանք, այլև բաղադրիչներ, ներառյալ մետաղներ և քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են արդյունաբերական արտադրության մոտ 90%-ում։ Կազմակերպությունում մտավախություն ունեն, որ չինական մատակարարներից կախվածությունը աստիճանաբար ԵՄ-ում արտադրությունը կդարձնի տնտեսապես անշահավետ։

Eurometal-ի նախագահ Ալեքսանդր Յուլիուսը հայտարարել է, որ Չինաստանը ձգտում է վերահսկել ոչ միայն հումքի մատակարարումները, այլև պատրաստի արտադրանքը և արտադրական շղթաների առանցքային օղակները։ Ըստ նրա, մատակարարման շղթայի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո երկիրը հնարավորություն է ստանում վերահսկել ամբողջ արժեքի ստեղծման շղթան։

Երկուշաբթի Eurometal-ը Բրյուսելում բողոքի ակցիա կանցկացնի Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի մոտ։ Դրա շրջանակում կազմակերպիչները կտանեն տասը խորհրդանշական դագաղ՝ «ԵՄ մրցունակություն», «արդյունաբերական աշխատատեղեր» և «եվրոպական գործարաններ» գրություններով։

Ճյուղի ներկայացուցիչները կարծում են, որ եվրոպական ընկերությունները հայտնվում են անհավասար պայմաններում։ ԵՄ-ում մետաղ արտադրողները կրում են էներգիայի բարձր ծախսեր, վճարում են պողպատի ներմուծման մաքսատուրքեր և ածխածնային վճարներ, մինչդեռ չինական բաղադրիչների մատակարարները նմանատիպ դժվարության չեն բախվում։ Որպես լրացուցիչ գործոն նրանք նշում են չինական արտադրանքի ավելի ցածր արժեքը և յուանի փոխարժեքը։

ԵՄ-ն արդեն մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների նկատմամբ և բարձրացրել է պողպատի ներմուծման սակագները, սակայն եվրոպական արդյունաբերությունում այդ միջոցները բավարար չեն համարում։ Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ի և Չինաստանի միջև տարեկան մոտ €360 մլրդ կազմող առևտրային անհավասարակշռությունը «անկայուն» է։ Բրյուսելն ու Պեկինը պայմանավորվել են եռամսյա բանակցությունների շուրջ, որոնք պետք է ավարտվեն հոկտեմբերին։

Խնդիրը ուղեկցվում է եվրոպական արդյունաբերությունում լայնածավալ կրճատումներով։ Հունիսին Եվրահանձնաժողովը կանխատեսել էր ավելի քան 1 մլն աշխատատեղի հնարավոր կորուստ՝ էներգիայի բարձր գների և գլոբալ մրցակցության պատճառով։ Ըստ գնահատականների, Գերմանիայում 2019 թվականից ի վեր արդեն վերացել է մոտ 250 հազար արդյունաբերական աշխատատեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *