Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրչյանը հերքում է տեղեկությունները, թե Հովհաննավանքի տարածքում կազմակերպվում են խնջույքներ ու «փարթիներ», հնչում են ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտություն, տեղադրվում են վրաններ, իսկ տարածքում իրականացվում է նաև առևտրային գործունեություն։
«Դա իրականությանը չի համապատասխանում, սարքած տեսանյութ է։ Բնականաբար, դա բնակիչը չի նկարել, հետո եթե անգամ նկարել են, դե սարքված տեսանյութ է։ Այս տեսանյութը դուք տվեք փորձագետի, թող փորձագետը հաստատի կամ մերժի»,– լրագրողների հետ զրույցում նշեց Ստեփան Ասատրյանը։
Նա հավելեց, որ միջոցառման մասնակիցները Երևանից են եղել, և հիմա նրանք պատրաստվում են այդ տեսանյութը սարքողին դատի տալ, իրենց հետ կապված զրպարտչական նյութեր տարածելու համար. «Իրենք էլ են բարկացած, որ իրենց երեխայի առիթը համացանցով այլ ձևով նկարագրվում է, ներկայացվում է, ու իրենք էլ էին բարկացած նման տեսանյութ տարածելու համար»,–ասաց նա։
Հարցին՝ եկեղեցու բակում ֆուրշեչ եղե՞լ է, Ստեփան Ասատրյանը դրական պատասխան տվեց. «Ֆուրշետ եղել է եկեղեցու բակում, իսկ ո՞վ է ասում, ո դա թույլատրելի չէ։ Հրահանգը նախկինում եղել է, որ պետք է լինի եկեղեցուց 10 մետր հեռու, տվյալ տեղը, որ դրված է եղել, եկեղեցուց ամենաքիչ 10 մետր լեռու է»։
Ինչ վերաբերում է նրան, որ նախկինում նմանատիպ դրվագի համար ինքն ու Տեր քահանա Սարգիսը թեմակալ առաջնորդի կողմից նկատողություն են ստացել, նա ասաց. «Այո, նման բան եղել է, նկատողություն ստացել ենք, որը այլևս չի կրկնվել, բայց այնտեղ ուրիշ տեսարան է եղել, ուրիշ բանի համար ենք ստացել, ոչ թե ֆուրշետի համար։ Ֆուշետները թեմում եղել է թույլատրելի և վճարովի, ի դեպ ժամանակին վճարովի է, հիմա անվճար է»։
Նրա խոսքով, ջութակ է եղել և դաշնամուր է եղել դրված եկեղեցու բակում։
Ստեփան Ասատրյանը հավաստիացրեց, որ եթե ռաբիս կամ «բլատնոյ» երաժշտություն հնչի եկեղեցու բակում, ինքը կարգելի դա. «Բնականաբար կարգելեի, ես նախապես մարդկանց զգուշացնում եմ, որ եթե եկեղեցու տարածքը է, եկեղեցու տարածքում հատուկ կանոններ են գործում։ Դա ես էլ եմ հասկանում, այնպես չի, որ չեմ հասկանում»։
Հարցին՝ արդյոք կա՞ եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունը, որը անհրաեշտության դեպքում կարող է տրամադրել իրավապահներին, նա արձագանքեց. «Ես եթե պետք լինի, իրավապահներին կամ ոստիկաններին կտրամադրեմ, բայց դա պետք չունի տրամադրելու»։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ ահազանգեր է ստանում Օհանավանից. բնակիչները տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։