Վերջին տարիներին ամբողջ աշխարհում բիզնեսն սկսել է գիտակցել նոր սպառնալիքի իրական մասշտաբները․ ԱԹՍ-ները (անօդաչու թռչող սարքերը) հաճախ հարվածում են մասնավոր ընկերություններին։ Ընդ որում, այդ հարձակումները միշտ չէ, որ կապված են ռազմական գործողությունների հետ․ դրանք իրականացնում են նաև ապստամբները, նարկոկարտելները, իսկ որոշ դեպքերում կատարողներին ընդհանրապես չեն գտնում։ Վնասները կրում է բիզնեսը, իսկ պատասխանատվություն պահանջելու տեղ չկա, գրում է Forbes-ը:
1. «Թիրախների վերագնահատում»․ ՏՏ-ն և նավթային հսկաները կրակի տակ
- Հարված ամպային տեխնոլոգիաներին․ 2026 թվականի մարտի սկզբին իրանական «Shahed-136» անօդաչուները հարվածեցին Amazon Web Services (AWS)-ի երկու տվյալների կենտրոններին (data-center) ԱՄԷ-ում և մեկին՝ Բահրեյնում։ Արդյունքում 11 օրով խափանվեց տասնյակ քաղաքացիական ծառայությունների (բանկային համակարգեր, Careem, Alaan առաքման ծառայություններ) աշխատանքը։
- Իրանի սպառնալիքը ԱՄՆ ՏՏ հսկաներին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Google-ին, Microsoft-ին, Palantir-ին, IBM-ին, Nvidia-ին և Oracle-ին հայտարարեց օրինական ռազմական թիրախներ։ Ըստ Իրանի՝ եթե մասնավոր ամպային տեխնոլոգիաներն ու ԱԲ ալգորիթմները սպասարկում են ԱՄՆ Պենտագոնին, ապա նրանք կորցնում են իրենց քաղաքացիական իմունիտետը։
- Հարված նավթային ոլորտին․ AWS-ի վրա հարձակումից ընդամենը մեկ օր առաջ՝ 2026թ․ մարտի 2-ին, ԱԹՍ հարվածի պատճառով հրդեհ էր բռնկվել Սաուդյան Saudi Aramco-ի Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանում։ Brent տեսակի նավթի գինը շուկայում անմիջապես մոտեցավ 80 դոլար/բարելին։
2. «Առանց հետադարձ հասցեի դրոնը»․ Կարտելներ, ապստամբներ և արդյունաբերական լրտեսություն
- Ապստամբներն ու նարկոկարտելները․ Կոլումբիայում (ELN, FARC) և Մեքսիկայում ԱԹՍ-ները դարձել են էժան «արտիլերիա»։ Մեքսիկական «Խալիսկո նոր սերունդ» (CJNG) կարտելը դեռ 2020-ին ստեղծել է հատուկ անօդաչուների ստորաբաժանում (Operadores Droneros)։ ԱՄՆ հյուսիսային հրամանատարության տվյալներով՝ ամսական ավելի քան 1000 ապօրինի ԱԹՍ է հատում ԱՄՆ-Մեքսիկա սահմանը։
- Արդյունաբերական լրտեսություն և hակերություն․ 2022-ի ամռանն ամերիկյան ֆինանսական խոշոր ընկերություններից մեկի տանիքին հայտնաբերվեցին երկու կոմերցիոն դրոններ՝ հատուկ հակերային սարքավորումներով, որոնք փորձում էին կոտրել Wi-Fi ցանցը։
- Անհայտ ծագման դրոններ և պարապուրդ․ Նորվեգիայի ափամերձ Equinor նավթային հարթակների վրա պարբերաբար անհայտ դրոններ են թռչում։ Ընկերությունները ստիպված կանգնեցնում են աշխատանքը, կրում միլիոնավոր դոլարների կորուստներ, բայց չեն կարողանում ոչ ոքի մեղադրել, քանի որ ԱԹՍ-ների տերերն անհայտ են մնում։
3. Պաշտպանության տնտեսությունը․ Ինչ արժե «մաքուր երկինքը»
- Անհասանելի գնացուցակ փոքր բիզնեսի համար․ ԱԹՍ-ների ռադիոհաճախականության պարզ սենսորն արժե 15,000–60,000 դոլար, իսկ ավելի բարդ ռադարային համակարգերի տեղադրումը (որոնք որսում են նաև ինքնավար թռչող դրոնները) արժենում է տասնյակ հազարավոր դոլարներ, ինչը փոքր ու միջին բիզնեսի համար անհասանելի է։
- Պետության միջամտությունը․ Մեքսիկայի Միչոական նահանգում ավոկադո և լիմոն արտադրողներին կարտելների դրոններից պաշտպանելու համար պետությունը ստիպված եղավ տեղակայել 9,500 զինվորական։
- Ապահովագրական «սև խոռոչ»․ Ավանդական ապահովագրական պոլիսները չեն աշխատում։ Եթե հարվածը հասցրել է օտարերկրյա պետությունը, գործում է «պատերազմական բացառումը» (war exclusion) և փոխհատուցում չի տրվում։ Եթե հարվածել են հանցագործները, դա չի որակվում ոչ պատերազմ, ոչ ահաբեկչություն, և վնասը «ընկնում է» օրենքի արանքում։
4. «ՀՕՊ՝ բաժանորդագրությամբ» (Defense-as-a-Service)
- Մասնավոր ՀՕՊ-եր․ 2026 թվականի օգոստոսին Blackwater-ի հիմնադիր Էրիկ Պրինսը ստեղծեց Vectus Air Defense Systems ընկերությունը, որն առաջարկում է «ՀՕՊ ծառայություն»․ բիզնեսը ամսական վճարով վարձակալում է ԱԹՍ-ների խլացուցիչներ (խտացուցիչներ) և կալանիչներ։
- Օրենսդրական արգելքներ․ Գլխավոր խոչընդոտն օրենքն է։ Օրինակ՝ ԱՄՆ-ում (2026թ․ հուլիսից ուժի մեջ մտած SAFER SKIES Act-ով) և Եվրոպայում մասնավոր ընկերություններին թույլատրված է միայն հայտնաբերել դրոնը, իսկ այն խոցելու կամ խլացնելու իրավունքն ունեն բացառապես պետական ուժային կառույցները։
5. «Շուկայական պետություն» և ապագան
- Ան համաչափության խնդիրը (Ստանիսլավ Լեմի կանխատեսումը)․ Հարձակվող դրոնն արժե ընդամենը մի քանի հարյուր դոլար, իսկ դրանից պաշտպանվելու համակարգերը՝ տասնյակ հազարավոր։
- Ապագայի հեռանկարը․ Վենչուրային ներդրող Եվգենի Կուզնեցովը նշում է, որ սա ժամանակավոր է․ արտադրության մասշտաբավորման հետ մեկտեղ պաշտպանական համակարգերը կէժանանան և բիզնեսի համար կդառնան սովորական ծախս՝ ինչպես օդանավակայանների մետաղորսիչները։
- Անհավասարություն․ Այնուամենայնիվ, այսօր ձևավորվում է նոր անհավասարություն․ անվտանգությունը դառնում է արտոնություն միայն նրանց համար, որոնք ի վիճակի են վճարել մասնավոր ՀՕՊ ծառայությունների համար։