Մինչ մենք բոլորս զբաղված ենք մեր առօրյա հոգսերով ու հասարակական խնդիրներով, աշխարհում տեղի են ունենում մասշտաբային գործընթացներ։ Դրանցից ամենանշանակալին նոր ռազմական դաշինքի ձևավորումն է․ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ռազմական ոլորտում խորացված համագործակցություն և, ամենակարևորը, կոլեկտիվ պաշտպանություն։
Սա նշանակում է, որ դաշինքի որևէ անդամի դեմ հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։
Ամենավտանգավոր հանգամանքն այն է, որ միավորվել են միջուկային զենք ունեցող Պակիստանը, նավթի հսկայական պաշարներով հարուստ Սաուդյան Արաբիան և ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն ունեցող Թուրքիան։
Իրանը խիստ բացասական է արձագանքել այս դաշինքի ձևավորմանը, սակայն այն սպառնալիք է նաև Հայաստանի համար, որը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։
Չնայած հայաստանյան իշխանությունների դժգոհություններին` ռուսական միջուկային հովանոցի տակից դուրս գալը ներկայիս աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում իրական վտանգ է, հատկապես երբ այլընտրանքային անվտանգության համակարգ առայժմ գոյություն չունի։
Նոր դաշինքի մաս կազմող երկրներն ունեն լայն տարածքներ, ելք դեպի ծով, բազմամիլիոնանոց բնակչություն, ռազմավարական աշխարհագրական դիրք։
Բացի այդ, ֆիքսենք, որ արդյունքում ձևավորվել է մաքուր մուսուլմանական ռազմական դաշինք։ Տնտեսական ցուցանիշները ևս խոսում են նրանց աճող ներուժի մասին․
2026թ․ առաջին եռամսյակում Թուրքիայի տնտեսությունը աճել է 2․8%-ով, Պակիստանինը՝ 3․1%-ով, իսկ Սաուդյան Արաբիայինը՝ 5․4%-ով։ Վերջինիս տնտեսությունը շարունակել է աճել նույնիսկ այն պայմաններում, երբ Մերձավոր Արևելքը հայտնվել է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ազդեցության տակ։
Այսպիսով, նոր ռազմական դաշինքը մեզ համար գուցե և չունենար առանձնահատուկ նշանակություն, եթե նրա աշխարհագրական սահմանները չհատեին Հայաստանի սահմաններին։ Թեև նկատվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որոշակի գործընթաց, իրական քաղաքական հարաբերությունների բացակայությունը շարունակում է պահպանել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի սպառնալիքներ Հայաստանի համար։