Ավելի քան 100 տարի իտալական Angelini միլիարդատերերի ընտանիքին լիովին բավարարում էր եվրոպական շուկան։ Հռոմում տեղակայված իրենց կենտրոնակայանից նրանք ղեկավարում էին բազմապրոֆիլ կայսրությունը, որն արտադրում է Իտալիայում հայտնի «Տաչիպիրինա» ցավազրկողը (պարացետամոլի տեղական անալոգը) և «Տրազոդոն» անտիդեպրեսանտը։ Ֆարմացևտիկայից զատ՝ ընտանիքին են պատկանում նաև ռոբոտատեխնիկայի բիզնես, Տոսկանայի շքեղ գինեգործարաններ և Procter & Gamble-ի հետ համատեղ ձեռնարկություն, գրում է Forbes-ը:
Սակայն չորրորդ սերնդի մուտքով ընկերության ռազմավարությունը կտրուկ փոխվեց։
Ընտանեկան «Դալաս» և նոր սերնդի գալուստը
2017 թվականին Թեյա Պաոլա Անջելինին (ով այժմ Angelini Pharma-ի վերահսկիչ փաթեթի տերն է) ամուսնացավ նախկին բանկիր և իրավագիտության պրոֆեսոր Սերջիո Մարուլլո դի Կոնջաննիի հետ։ 2018-ին Թեյայի հայրը՝ Ֆրանչեսկո Անջելինին, ընկերության վերահսկողությունը փոխանցեց դստերը, ինչը մեծ սկանդալ առաջացրեց ընտանիքի ներսում․ Թեյայի ավագ քույրը դատի տվեց նրանց՝ պնդելով, թե հայրն անգործունակ է։ Երկարատև դատական քաշքշուկներից հետո, որոնք իտալական մամուլն անվանեց Անջելինիների «Դալաս», դատարանը կարճեց գործը՝ հաստատելով Թեյայի և նրա ամուսնու լիակատար վերահսկողությունը։
«Մենք որոշեցինք վերանայել ավանդական մոտեցումները և վերականգնել ինովացիաների այն պատմությունը, որը տասնամյակներ առաջ մեր նարատիվի մասն էր», — նշում է Մարուլլո դի Կոնջաննին, որն այժմ գլխավորում է Angelini Holding-ը։
4,1 միլիարդ դոլարանոց թռիչք դեպի ԱՄՆ
Եվրոպական շուկայով չսահմանափակվելու համար զույգը նախաձեռնեց լայնամասշտաբ էքսպանսիա։ Ընկերությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց ուղեղի խանգարումների (հատկապես էպիլեպսիայի) և հազվադեպ (օրֆանային) հիվանդությունների բուժման վրա․
- 2021 թ․ Angelini-ն 960 միլիոն դոլարով ձեռք բերեց շվեյցարական Arvelle Therapeutics-ը՝ ստանալով էպիլեպսիայի դեմ նոր դեղամիջոցի իրավունքները Եվրոպայում։
- 2025 թ․ Ընկերությունը 570 միլիոն դոլարով գնեց Grin Therapeutics-ի դեղամիջոցի միջազգային իրավունքները։
- Գագաթնակետը (գործարք ԱՄՆ-ում)․ Blackstone-ի և CDP Equity-ի աջակցությամբ Angelini Pharma-ն 4,1 միլիարդ դոլարով կանխիկ գնեց ամերիկյան Catalyst Pharmaceuticals բիոտեխնոլոգիական ընկերությունը։
Ինչ տվեց Catalyst-ի գնումը
Catalyst-ի ձեռքբերումը իտալական հսկային միանգամից ճանապարհ բացեց դեպի ամերիկյան շուկա։ Գործարքի շնորհիվ Angelini Pharma-ն իր տարեկան հասույթն ավելացրեց մոտ 600 միլիոն դոլարով (շուրջ 40%-ով)։
Catalyst-ի առանցքային ակտիվներից է Լամբերտ-Իտոնի համախտանիշի (LEMS)՝ հազվադեպ աուտոիմունային նյարդամկանային հիվանդության բուժման դեղամիջոցը։ Չնայած աշխարհում այս ախտորոշումն ունի ընդամենը 30,000 մարդ, հազվադեպ հիվանդությունների շուկան հսկայական ֆինանսական պոտենցիալ ունի և ազատ է քաղցկեղածին կամ սրտանոթային ոլորտների ֆարմ-հսկաների կատաղի մրցակցությունից։
10 միլիարդ դոլարանոց կարողություն և ապագայի պլանները
Այսօր Angelini Industries-ի ընդհանուր տարեկան հասույթը հասնում է 2,5 միլիարդ դոլարի, իսկ Forbes USA-ն Թեյա Պաոլա Անջելինիի և նրա ընտանիքի կարողությունը գնահատում է շուրջ 10 միլիարդ դոլար։
Բացի խոշոր գնումներից, ընկերությունը հիմնել է նաև 350 միլիոն դոլարանոց վենչուրային հիմնադրամ՝ ներդրումներ անելով հեռանկարային բիոտեխ-ստարտափներում (օրինակ՝ քաղցկեղի դեմ պատվաստանյութ մշակող շվեյցարական Nouscom-ում) և համագործակցում է արհեստական բանականությամբ աշխատող դեղագործական ընկերությունների հետ։
ԱՄՆ շուկա մուտք գործելուց անմիջապես հետո Մարուլլո դի Կոնջաննին Հռոմի կենտրոնակայանում հավաքել է ղեկավար կազմին և հայտարարել․ «Դուք գերազանց աշխատանք եք կատարել, տղաներ, բայց ազնիվ լինեմ․ կարծում եմ՝ այժմ պետք է ավելի պինդ սեղմենք գազի ոտնակը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Աշխարհի ամենահզոր բանկի պատմությունը․ ովքե՞ր էին իրականում Ռոտշիլդները