PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումը, դպրոցին կապված լինելու զգացումը

PISA-2025 միջազգային գնահատման արդյունքները ներկայացնում են Հայաստանի 15-ամյա սովորողների ոչ միայն գիտելիքները կյանքում կիրառելու կարողությունները, այլև ուսումնառության համար կարևոր վերաբերմունքն ու անձնային հատկանիշները։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: 

Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝

• հարմարվողականությունը՝ 9 միավոր,

• նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,

• դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,

• դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,

• զարգացմանը միտվածությունը՝ 6 միավոր։ 

Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։ 

Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն։ Այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են։ 

Միաժամանակ, գծապատկերը հստակեցնում է ուշադրություն պահանջող զարգացման ուղղությունները՝ տոկունությունը, հետաքրքրասիրությունը և օգնության դիմելու կարողությունը։ 

Այս ցուցանիշները կարող են ազդել նաև սովորողների կրթական արդյունքների վրա։ 

Նոր գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը, դժվարության դեպքում օգնության դիմելու պատրաստակամությունը և անհաջողությունից հետո աշխատանքը շարունակելու կարողությունն արդյունավետ ուսումնառության կարևոր նախապայմաններ են։ 

Միաժամանակ, սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են և կարիք ունեն զարգացման:

Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ 

Այս իմաստով PISA-2025-ի արդյունքները հաստատում են կրթության ոլորտում մեկնարկած փոփոխությունների անհրաժեշտությունը և ծառայում են որպես ելակետ՝ նոր չափորոշչի ու արդեն իրականացվող բարեփոխումների ազդեցությունը հետագայում գնահատելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *