Հո Աֆղանստանո՞ւմ չենք, որ ավտոմատներով գան ավագանու նիստին. Տեր–Եսայանը՝ իրեն ծեծի ենթարկելու գործի մասին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ծեծի գործը հետաքննության փուլում է, մեղադրյալներ չկան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Տեր-Եսայանը։

Նա նշեց, որ միայն ինքն է տուժող ճանաչվել, տեղյակ չէ, թե մյուս կողմը հարցաքննվել է, թե ոչ. «Առերեսում չի եղել, ինձ մեկ անգամ կանչել են հարցաքննության։ Իմ կարծիքով՝ հնարավոր է՝ ծածկադմփոց անեն։ Քանի որ մեղադրյալները լինելու են իշխանական ներկայացուցիչներ, պարզ է, որ ինչ-որ մի ձև կհետաձգեն, կձգձգեն ու կփակեն գործը։ Իրենք սադրեցին, շիշ շպրտեցին։ Շիշ շպրտում են, որ հանդարտեցնե՞ն։ Կարող է ձեռքին երկաթյա մեծ դանակ էր, պետք է դա շպրտե՞ր մեր վրա։ Ո՞ր թիվն է, հո Աֆղանստանում չե՞նք, որ ավտոմատներով գան ավագանու նիստին։ Իրենց կողմից դա արդեն իսկ սադրանք է, որպեսզի մեզ հանեն հունից, որպեսզի մենք մտնենք իրենց հետ կռվի մեջ։ Հենց եկավ հարցուպատասխանի ժամանակը, սկսեցին սադրել, չթողեցին, որ անգամ խոսենք»,- ասաց ավագանու անդամը։

Նա տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննություն է անցել, քթի հատվածում կոտրվածք ունի. «Ինձ տուժող են ճանաչել, մանց մնացածից տեղյակ չեմ։ Հիմնական մեղավոր եմ համարում քաղաքային իշխանությանը։ Այսինքն՝ եթե հենց իշխանությունը պատրաստ է այս սադրանքներին, ու սա նախադեպային չլինելու համար պետք է մեղավորները պատժվեին։ Մենք, սակայն, տեսանք, որ մեղավորները, նաև այդ ծեծկռտուքի մասնակիցները չպատժվեցին, անգամ նկատողություն չստացան։ Նրանց անգամ պետք է աշխատանքից հեռացնեին, բայց մի բան էլ խրախուսանք ստացան՝ ամառային արձակուրդ, պարգևավճար։ Իրենք քաղաքային կառավարումը տապալել են։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչը պարգևավճար պետք է ստանա, երբ գերակատարում է իր առջև դրված ծրագիրը, մինչդեռ քաղաքում չենք կարողանում շարժվել՝ խցանումներ, փոշի և այլն»,- ընդգծեց Տեր–Եսայանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *