Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին


Հարեվաններ


Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի վրա զանգվածային հարձակում է իրականացրել՝ օգտագործելով բալիստիկ, թևավոր, հականավային հրթիռներ, ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ գիշերային հարձակման ժամանակ ռուսները միտումնավոր փորձել են հնարավորինս շատ վնասել մարդկանց։ Կիևում բնակելի շենքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել, 2 մարդ զոհվել է, 10՝ վիրավորվել։ 13 մարդու հաջողվել է փրկել։ Նախագահը նաև նշել է, որ Կիևի մարզում թիրախավորվել են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։

Զելենսկին տեղեկացրել է Խարկովում երկու վիրավորի և բնակարանային շենքի վնասվելու մասին։ Հարվածների են ենթարկվել նաև այլ մարզեր։ «Այսօր առավոտյան Սումիի մարզի երկաթուղային կայարանում հարձակման է ենթարկվել Կիև-Սումի գնացքի շոգեքարշը, սակայն զոհեր չկան։ Հարձակումներ են եղել նաև Զապորոժիեում և Դնեպրի մարզում», – նշել է նա։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ գիշերը հարվածներ են գրանցվել Կիևի յոթ շրջաններում, վնասվել են առնվազն 14 բարձրահարկ շենքեր, դպրոց, կլինիկա, սուպերմարկետ և բենզալցակայան։ Կիևի քաղաքային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել պատերազմական հանցագործության վերաբերյալ։

Հարվածի տակ է հայտնվել նաև Օդեսան։ Քաղաքի արվարձաններում գտնվող շուկային հարվածի հետևանքով կան տուժածներ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Օդեսային հասցված հարվածները՝ նշելով, որ թիրախավորվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։

Մինչ այդ Ռուսաստանը և Ուկրաինան երեք օրով փոխադարձաբար դադարեցրել էին մայրաքաղաքների ուղղությամբ հարձակումները՝ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև այցի ֆոնին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *